Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին թագավորական նստավայրում ընդունեց Շվեդիայի Թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆը՝ դեսպանի առաջիկայում սպասվող դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Ապիտոնյանը Կառլ 16-րդ Գուստաֆին ներկայացրեց երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումից ի վեր հայ-շվեդական հարաբերություններում գրանցված առաջընթացը, կառավարական և խորհրդարանական մակարդակներում կայուն քաղաքական երկխոսության հաստատումը, առևտրաշրջանառությունում, ինչպես նաև կրթական և մշակութային փոխանակումներում գրանցած աճը։ Դեսպանն իր երախտիքը հայտնեց Շվեդիայի իշխանություններին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին տարիներ ի վեր տրվող աջակցության, ինչպես նաև ՀՀ դեսպանության գործունեությանը և նախաձեռնություններին օժանդակության համար։
Կարևորելով Հայաստանի և Շվեդիայի բարեկամական փոխգործակցության շարունակական զարգացումը՝ Թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆը շնորհակալություն հայտնեց դեսպան Ապիտոնյանին դիվանագիտական առաքելության տարիներին հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ։