Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացված նախագահական ընտրություններում, ստանալով ընտրողների քվեների 51,8 տոկոսը, երկրի նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ թուրքական ընդդիմադիր մամուլում բազմաթիվ ծաղրանկարներ են սկսել շրջանառվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» թերթի ծաղրանկարիչներ Մուսա Քարթն ու Իյնելի Ֆըրչան նախագահական ընտրությունների հետ կապված անդրադարձել են Էրդողանի տարած հաղթանակի եւ ընդդիմության կրած պարտության թեմային:

 

Թերթում ծաղրանկարիչների ներկայացրած նկարներից մեկում շեշտվում է, որ Թուրքիայի նախագահի գահին բարձրացած Էրդողանին պահող որեւէ հենարան չկա:  Երկրորդ ծաղրանկարում Ռոդենի հանրահայտ «Մտածողը» ներկայացված է որպես թուրքական ընդդիմություն, որը խորհում է. «Որտեղ՞ սխալ գործեցի»:

 

Թուրքիայի նախագահական ընտրություններին հետեւող տեսաբանների մոտ այնպիսի կարծիք է ձեւավորվել, որ «Էրդողանին նախագահի աթոռը նվիրեց ընդդիմությունը»:

 

Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցում նշվել է, որ ընտրություններն անցկացվել են թեկնածուների համար ընտրապայքարի եւ քարոզարշավի «անհավասար պայմաններում»: Ըստ զեկույցի` նախագահի թեկնածու Էրդողանը որպես գործող վարչապետ օգտագործել է իր տրամադրության տակ եղած «բոլոր վարչական լծակները»:

 

Գերմանական «Բիլդ» հանդեսը Էրդողանի տարած հաղթանակը ներկայացրել է «Սուլթանը հաղթել է» է խորագրով, իսկ «Շպիգել»-ը գրել է, որ «նախագահի ինստիտուտն ավելի է նպաստելու Էրդողանի ավտորիտար հակումներին»:

 

Թերթը նաեւ հայտնում է, որ ԺՀԿ Թունջելիից ընտրված պատգամավոր Քամեր Գենչը Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է չեղյալ հայտարարել ընտրությունները` համարելով, որ նրանք անցկացվել են ոչ ժողովրդավարական պայմաններում եւ միջազգային նորմերին չհամապատասխանող կերպ: