Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մինչ այժմ շարունակում է պաշտոնավարել նաեւ որպես այդ երկրի վարչապետ եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, նոր կատաղի գրոհ է սկսել սոցիալական մեդիայի վրա' Twitter-ում like-երը համեմատելով «վիրաբույժի ձեռքում եղած հերձադանակի» եւ «մարդասպանի ձեռքի դանակի» հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Islam Today-ը:
Էրդողանը, ով Twitter-ին ավելի վաղ անվանել էր «հանգստության խախտող» այն բանի համար, որ անցյալ տարի ամռանն օգտագործվել էր իր կառավարության դեմ փողոցային բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, սոցիալական մեդիան մեղադրել է թմրանյութերի առեւտրում հանցակցության մեջ, հայտնում է Islam Today-ը:
Էրդողանի կառավարությունը մարտին արգելափակել էր Twitter եւ YouTube սոցիալական կայքերը այն բանից հետո, երբ դրանք օգտագործվել էին իր եւ իր մերձավորների' դեկտեմբերին բացահայտված կոռուպցիոն սկանդալին մասնակցություն ունենալու ապացույցներ պարունակող տեսա- եւ ձայնագրություններ տարածելու համար: Սոցիալական մեդիան ամբողջությամբ արգելափակելու մասին Էրդողանի որոշումը հետագայում չեղյալ էր ճանաչվել սահմանադրական դատարանի կողմից, որը որոշել էր, որ տվյալ դեպքում խոսքի ազատության խախտում է տեղի ունեցել: