Երբ բռնապետը, ով անհանդուրժող է այլախոհների նկատմամբ, սկսում է իր շուրջը նկատել լրտեսների և դավաճանների, նշանակում է, որ եկել է ժամանակը զգուշանալու: Ներկայում նման իրավիճակ է Կենտրոնական Ասիայում գտնվող նախկին միութենական հանրապետությունում' Ադրբեջանում, որը թեև հարուստ է նավթով, սակայն աղքատ է ազատությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրված է Washington Post պարբերականի հրապարակած հոդվածում:

 

Պարբերականը գրում է, որ Իլհամ Ալիևի վարչակարգը բանտարկել է երկրի ամենաարդար մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն' պատմաբան Արիֆ Յունուսին, ովքեր մեղադրվում են դավաճանության, խարդախության, հարկերը չվճարելու, անօրինական գործունեություն ծավալելու մեջ: Washington Post-ը գրում է, որ Յունուսը, ով Բաքվում հիմնված Խաղաղության և ժողովդավարության ինստիտուտի տնօրենն է, զգալի ջանքեր է գործադրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանում առկա թշնամական տրամադրությունները հաղթահարելու համար: Այս նպատակով նա կազմակերպել է ադրբեջանցի և հայ մտավորականների փոխանակման և վստահության սերմանման ծրագրեր, ինչի համար էլ հետագայում նրան մեղադրանք է ներկայացվել լրտեսության վերաբերյալ: Քաղաքական հայացքների համար ձերբակալված տասնյակ մտավորականներից մեկն էլ Ռասուլ Ջաֆարովն է:

 

«Պարոն Ալիևը կարծում է, թե խելացի է վարվում' լռեցնելով իր քննադատներին այն ժամանակ, երբ Ուկրաինան իր վրա է բևեռել աշխարհի ուշադրությունը: Սակայն շատ բան է փոխվել խորհրդային ժամանակներից: Այլևս անհնար է ծածկել նման ոչ քաղաքակիրթ պահվածքը: Ձերբակալությունները հսկայական բողոքի ալիք են առաջացրել իրավապաշտպան և ոչ կառավարական կազմակերպությունների շրջանում»,-գրում է Washington Post-ը: Պարբերականն անհասկանալի է համարում, թե ինչպես մի պետություն, որն ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահի լիազորությունները, կարող է նման բռնություններ գործել: «Ալիևը ձգտում է հարգանքի արտասահմանում, սակայն նրա գործողություններն արժանի են դատապարտման: Լեյլա և Արիֆ Յունուսները պետք է անմիջապես ազատ արձակվեն: Եթե ոչ, ապա Եվրոպայի խորհուրդը պետք է հարց տա ինքն իրեն, թե որքան կարող է նախարարների հանձնաժողովի նախագահությունում հանդուրժել մի երկրի, որը հարգանք չունի անգամ մարդու տարրական իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ»,-եզրափակել է պարբերականը: