Վերջին շաբաթների իրադարձությունները, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում հերթական անգամ Բաքվի կողմից սանձազերծված գործողություններն, ըստ էության, ապացուցեցին, որ Ադրբեջանն անզոր է միայնակ հանդես գալ Հայաստանի և Արցախի դեմ: Այս պարագայում Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան կրկին խաղարկել իր «հովանավորի» և «ավագ եղբոր» կարգավիճակում հանդես եկող Թուրքիայի մաշված խաղաքարտը:
Իսկ Անկարան, տեղի տալով օգնության հասնելու ադրբեջանական աղերսանքին՝ կրկին հայտնվեց անհարմար վիճակում: Ըստ էության, Թուրքիան չկարողացավ որևէ կերպ փոխել իրադարձությունների զարգացումը և հայտնվեց խոսքի և գործի երկվության թակարդում:
Պաշտոնական Անկարայի «միջամտությունը» կարող ենք բաժանել երեք ոլորտի: Առաջինը քաղաքական հարթակում արված հայտարարություններն էին: Սահմանային լարվածության օրերին թուրքերը պաշտոնական մակարդակով մի քանի անգամ խոսեցին Բաքվին աջակցելու պատրաստակամության մասին: Բնականաբար, թուրքական կողմն անմասն չմնաց նաև Հայաստանին ուղղված հանիրավի մեղադրանքներից: Երկրորդ հարթակը «շոշափելի» օգնություն տրամադրելու պատրանքն էր, իսկ վերջինը՝ Հայաստանի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը: Նշված երեք որոլտներում ել Թուրքիան ձախողվեց:
Վերջին օրերին Բաքուն ու Անկարան լուրեր տարածեցին, թե Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ ուղղակի այրվում են հայության դեմ կռվելու բուռն ցանկությունից: Դրան զուգահեռ, Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասաց, որ մշտապես ռազմական խորհրդատվություն է տրամադրում «բարեկամ Ադրբեջանին»: Այս երկու հայտարարություններում, սակայն, նորություն չկա, արցախյան ազատամարտի օրերից ցայսօր էլ թուրքերը մարզում են ադրբեջանցիների սպաներին ու զինվորներին, խորհրդատվությունն էլ տրամադրել ու տրամադրում են, սակայն ոչ քսան տարի առաջ, ոչ էլ այսօր դրա արդյունքը չի անդրադաձել ոչ ադրբեջանցիների մարտունակության, ոչ էլ նրանց զոհերի թվի վրա:
Միևնույն ժամանակ իր վարքով Թուրքիան բացահայտ ցույց տվեց, որ մտադիր չէ որևէ կառուցողական քայլի գնալ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, իսկ այնուհետև նաև զինված ուժերի բարձրաստիճան սպայի՝ թուրքական հիվանդանոց հասցված և հայ զինվորների դեմ զենք բարձրացրած վիրավոր ադրբեջանցի զինծառայողների ձեռքը սեղմելը ազդանշան էր առ այն, որ թուրքերը խոսքով, դեղով ու բալասանով աջակցում են հայության դեմ սուր ճոճողին: Հռետորական հարց է ծագում, թե այս դեմքում, ո՞րն է Դավութօղլուի տարփող ած «արդար հիշողությունը»…
Ի մի բերելով Ադրբեջանի և Թուրքիայի վերջին շրջանի գործողությունները կարող ենք մեր հարևանների համար հանգել տխուր եզրակացությունների:
Ադրբեջանը խոստովանում է, որ անզոր և անկարող է որևէ բան հակադրել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Բաքվում շատ են վախենում Հայաստանի և ԼՂՀ գործողություններից և այդ վախերն արտահայտվում են քաղաքական և ռազմական մակարդակում: Ցցուն կերպով երևաց նաև Ադրբեջանում առողջապահական ռեսուրսների ոչ բավարար վիճակը: Իլհամ Ալիևը, լինելով մի երկրի ղեկավար, որը չունի անգամ նորմալ բժիշկներ իր վիրավոր զինվորներին ոտքի հանելու համար, պետք է առնվազն անհեռատես լինի, որ մշտապես հանդես գա սադրիչ հայտարարություններով՝ անգամ Թվիթերում օրը 60 «ծլվլոց» (tweet- ա նգլ. ծլվլալ խմբ.) թողնելով:
Պատմությունը սիրում է կրկնվել. ինչպես 1992-94 թվականների ազատամարտի ժամանակ հայությունը հաղթեց Ադրբեջանին և նրան սատարող Թուրքիային, այնպես էլ 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, հայ զինվորն իր խիզախության ու արյան գնով անհաջողության մատնեց հակառակորդներին:
Անդրադառնալով արդեն թուրքական կողմին, պետք է նշել, որ իր քայլերով Թուրքիան խոստովանում է, որ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լինել անկողմնակալ և պատրաստ չէ կառուցողական քայլերի գնալ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
Պատրաստեց Արաքս Կասյանը