Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, որը պետք է տեղի ունենա օգոստոսի 28-ին, պատմության մեջ առաջին անգամ հրավիրվել են նաեւ արտասահմանյան պետությունների ղեկավարներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հրավիրված հյուրերի մեջ են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք այդ արարողությանը կուղարկեն իրենց ներկայացուցիչներին:
Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահն ընտրվել է համաժողովրդական քվեարկությամբ: Մինչ այժմ Թուրքիայի նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը, եւ նորընտիր նախագահը երդվում էր խորհրդարանում' պատգամավորների առաջ:
Ենթադրվում է, որ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն թյուրքական պետությունների, Քաթարի, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների ղեկավարները: