ՀՀ ԿԳ նախարարությունը չի խառնվում բուհերի կադրային քաղաքականությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի՝ բուհի պրոռեկտոր դառնալու մասին հարցը:
Աշոտյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ մարդիկ իրենց ճիշտ չեն դրսևորել, ինչի համար ներողություն են խնդրել:
«Դուք ի՞նչ եք պատրաստվում: Իրենց ողջ կյանքի ընթացքում հետապնդե՞լ այդ մարդկանց: Ես չեմ կարող դա հասկանալ: Մենք ունենք ԱԺ պատգամավորներ, որոնք ամնիստիայի տակ են ընկել, ներվել են: Ես չեմ հասկանում, թե ինչու հնարավոր չէ ներել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:
Նա լրագրողներին խորհուրդ տվեց զբաղվել լուրջ լրատվությամբ: «Ի՞նչ է, արտաքսենք այդ մարդուն Հայաստանից: Ի՞նչ է, մարդը պետք է ամբողջ կյանքում գործազուրկ լինի»,-հավելեց նախարարը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանն օրեր առաջ նշանակվել էր բուհի պրոռեկտոր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը նա և մի քանի այլ երիտասարդներ խոչընդոտել էին լրատվամիջոցների աշխատանքին: