Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ «Արցախպրես» լրատվական գործակալությունը հարցազրույց է վարել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:
-Պարոն Նախագահ, Դուք՝ որպես երկրի քաղաքացի եւ պետության ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում 1991թ. սեպտեմբերի 2-ը մեր ժողովրդի ավելի քան քառորդդարյա փաստացի անկախության համատեքստում:
-1991թ. սեպտեմբերի 2-ը ես կանվանեի Արցախի եւ առհասարակ հայ ժողովրդի ու հայոց պետականության պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը: Այդ օրը դարձավ Արցախի ազգային-ազատագրական շարժման կիզակետը, որը հիմք դրեց անկախ պետության հիմնադրմանը եւ նրա կերտման գործընթացին: Պատմությունը ցույց տվեց, որ դա միանգամայն ճիշտ որոշում էր, ինչը հնարավորություն տվեց ապահովելու Արցախի անվտանգությունը եւ նրա բնականոն զարգացումը:
-Ձեր կարծիքով, արցախյան հիմնախնդրի վերջնական, արդարացի լուծման, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, արդյոք, լիարժե՞ք է օգտագործվում մեր արտաքին քաղաքական ներուժը:
-Խոսելով արցախյան հիմնախնդրի մասին՝ պետք է նշեմ, որ անհրաժեշտ է այն չնույնացնել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, որովհետեւ վերջինս հիմնախնդրի միայն մի մասն է: Արցախյան հիմնախնդիրն արդեն իսկ կարգավորված է: Մենք 70 տարի պայքարել ենք օտարի լծից ձերբազատվելու համար եւ հասել մեր նպատակին՝ ստեղծելով ազատ ու ինքնիշխան պետություն, պաշտպանելով մեր անկախությունը եւ հիմա ազգովի, Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ, միասնաբար զարգացնում ու զորացնում ենք մեր երկիրը: Մեզ համար ետդարձի ճանապարհ չկա. Արցախի Հանրապետության անկախությունը եւ մեր պետության անվտանգության ապահովումը բոլոր հարթություններում բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն սակարկման:
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը եւ ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ապա ակնհայտ է, որ դրանք երկարատեւ գործընթացներ են եւ պահանջում են համախմբված ու քրտնաջան աշխատանք, ինչը չի սահմանափակվում միայն պաշտոնական Ստեփանակերտի ջանքերով: Օրինակ, հակամարտության կարգավորման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը Ադրբեջանի ապակառուցողական եւ ագրեսիվ քաղաքականությունն է, որը նաև մեծ հարված է հասցնում հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդ երկրների ջանքերին: Այս իրավիճակում, նույնիսկ ակտիվացնելով մեր արտաքին քաղաքական ջանքերը բնական է ակնկալել որեւէ բեկում, անհնարին է:
Խոսելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին՝ պետք է նշենք, որ այստեղ մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի ու Սփյուռքի հետ եւ արդեն իսկ ունենք դրական տեղաշարժեր. Արցախը ճանաչվել է ԱՄՆ-ի ու Ավստրալիայի մի շարք նահանգների, տարբեր երկրների քաղաքների կողմից: Բնական է, որ այս ամենով մենք չենք բավարարվելու եւ շարունակելու ենք համառորեն աշխատել ճանաչման գործընթացի աշխարհագրությունն ընդլայնելու եւ ավելի բարձր՝ պետությունների մակարդակի հասցնելու ուղղությամբ:
-Դուք ինչպե՞ս եք գնահատում Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը՝ իր քանակական եւ որակական չափանիշներով:
-Մեր հանրապետության տնտեսությունն ունի զարգացման բավականին բարձր տեմպեր: Վերջին տարիներին տարեկան կտրվածքով այն կազմում է 8-9%: Գոհացուցիչ է, որ դինամիկ զարգացում են ապրում այնպիսի ոլորտներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել տնտեսության համար երկարատեւ հեռանկարով աճի կայուն տեմպեր: Նման ոլորտներից են հանքարդյունաբերությունը, էներգետիկան եւ տարբեր ենթակառուցվածքներ: Միեւնույն ժամանակ, իհարկե, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ: Հատուկ ուշադրություն են պահանջում, ներքին ներուժի արդյունավետ օգտագործման, տեղական արտադրության խթանման, մասնավորապես՝ գյուղատնտեսական կարեւոր ապրանքների ինքնաբավ արտադրության հասնելու, մրցունակ արտադրանքով միջազգային շուկա դուրս գալու, տարբեր ոլորտներում որակյալ կադրերի պատրաստման հետ կապված հարցերը: Այս ուղղությամբ իրականացվում է համապատասխան աշխատանք, այդ թվում՝ Հայաստանի եւ Սփյուռքի առաջատար մասնագետների մասնակցությամբ: Հուսով եմ, որ այստեղ եւս կունենանք առաջընթաց:
-Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ աստիճանի համախմբված ու միասնական է մեր հասարակությունը երկրի առջեւ պարբերաբար ծառացող արտաքին ու ներքին մարտահրավերների պարագայում:
-Կարծում եմ, որ մեր հասարակությունը բավականին համախմբված է, քանի որ, առանց դրա, անհնարին կլինեին 1988 թվականի ազգային-ազատագրական շարժումը, Արցախի Հանրապետության ձեւավորումը, հաղթանակը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, որը մեզ համար դարձավ հայրենական, պատերազմի հետեւանքների վերացում եւ պետության բնականոն զարգացման ապահովում: Նման համախմբվածությունը, բնական է, չի նշանակում, որ հասարակությունում չկա այլակարծություն: Ընդհակառակը, ցանկացած ժողովրդավարական պետությունում պետք է լինի գաղափարների ու մտքերի քաղաքակիրթ համագործակցություն, ինչը առաջընթացի եւ կայուն զարգացման կարեւորագույն գրավականներից մեկը:
-Պարոն Նախագահ, որպես վերջին հարց. մեզ եւ մեր ընթերցողներին հետաքրքիր է իմանալ. ինչպե՞ս եւ ու՞մ ընկերակցությամբ է Արցախի Հանրապետության Նախագահը սովորաբար նշում Հանրապետության օրը եւ, առհասարակ, Արցախի մյուս բոլոր պետական տոները:
-Կան տոներ, որոնք ընտանեկան են, օրինակ՝ Ամանորը, Սուրբ ծնունդը, Մայրության եւ գեղեցկության օրը, ընտանիքի անդամների ծնունդները եւ այլն: Նման հիշարժան օրերը ձգտում եմ նշել նեղ ընտանեկան շրջապատում: Ինչ վերաբերում է այնպիսի տոներին, ինչպիսիք են Արցախի Հանրապետության օրը, Մայիսյան եռատոնը, Հանրաքվեի եւ Սահմանադրության երկտոնը, ապա դրանք համաժողովրդական տոներ են, եւ ես այդ օրերը նշում եմ մեր ողջ ժողովրդի հետ միասին, քանի որ դրանց բնույթն ու խորհուրդն են այդպիսին:
-Պարոն Նախագահ, շնորհակալություն Ձեզ հարցազրույցի մեր խնդրանքը չմերժելու և մեր հարցերին պատասխանելու համար: «Արցախպրես» լրատվական գործակալության աշխատակազմի, ընթերցողների և անձամբ իմ անունից շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ սեպտեմբերի 2-ի տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:
Հարցազրույցը վարեց Վահրամ Պողոսյանը