Օրեր առաջ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ արտերկրի հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, նրանց խնդիրներին արագ լուծում տալու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը այսուհետ հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, «Սքայփ»-ի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Այս մասին հաղորդ ում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

 

Առաջին ուղիղ կապը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: Հարցերին պատասխանում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:


Ստացված հարցերի մեծ մասի պատասխանը տրվեց տեղում: Իսկ մեկ տեսազանգ շոշափում էր կոնկրետ խնդիր. անձին հետաքրքրում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը' նշելով իր մասնավոր դեպքը: Քանի որ մեր հայրենակիցն այս օրերին գտնվում էր Հայաստանում, նրան առաջարկվեց համապատասխան փաստաթղթերով ներկայանալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն' հարցն արագ կարգավորելու համար:

 

Հիշեցնենք, որ այս նոր ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, «Սքայփ»-ի Armenia Police հասցեով: Հարցերը կարելի է ուղղել նաև [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին:


Ոստիկանության ներկայացուցիչները կպատասխանեն ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի: