«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»՝ ԻԼԻՊ կոչվող խմբավորումը սեպտեմբերի 3-ին նոր հանցագործություններ է իրականացրել Դեր Զորում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զանգվածային սպանության զոհ է դարձել 15 քաղաքացի, նրանց մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Զինյալները Շուլա շրջանում հարձակվել են ուղևորատար ավտոբուսի վրա: Ուղևորները հիմնականում Դեր Զորի Աբու Համամ և Տայանա գյուղերից են:

 

Բացի այդ, Սիրիայի Սուեյդա և Դարաա մարզերի միջև Դամա-Արիկա ճանապարհին սեպտեմբերի 3-ին պայթյուն է որոտացել: Տեղի ոստիկանությունը պարզել է, որ ահաբեկիչները 2 պայթուցիկ սարքավորումներ են տեղադրել Դամա-Արիկա ճանապարհին, որոնց պայթյունից ուղևորատար ավտոբուս է վնասվել: Պայթյունների հետևանքով 5 քաղաքացի զոհվել է, ևս 9-ը վիրավորվել: Պարզվել է, որ պայթուցիկ սարքավորումներից մեկը կշռել է 10, մյուսը 20 կիլոգրամ:

 

Նախորդ ամվսվա ընթացքում կրկին ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել Դամա գյուղի ուղևորատար ավտոբուսի վրա, որի հետտևանքով 5 մարդ զոհվել էր, ևս 14-ը' վիրավորվել:

 

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: