Իրաքին անհրաժեշտ է միջազգային հանրության օգնությունը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության»՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար: Այս մասին CNN հեռուսաընկերության հարցազրույցում հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով, Իրաքն այժմ հայտնվել է դժվարին իրավիճակում և միջազգային հանրության օգնության կարիքն ունի: «Եթե ԻԼԻՊ-ը հաղթի Իրաքում, իսլամիստական կազմակերպությունը կարող է տարածվել այլ երկրներում»,- նշել է Իրաքի նախագահը՝ հավելելով, որ իր երկիրը հաջողության կարող է հասնել ԱՄՆ-ի և հարևան երկրների հետ համագործակցության արդյունքում:

 

Ֆուադ Մաասումը նշել է, որ իրենք դեռ չեն դիմել ՆԱՏՕ-ի օգնությանը, սակայն օգնության խնդրանքով դիմել են դաշինքի առանձին անդամներին: «Մեզ անհրաժեշտ է ժամանակակից զենք և մասնագետների օգնություն, իսկ ռազմական գործողությունները ԻԼԻՊ-ի դեմ կարող ենք կազմակերպել ինքնուրույն»,- նշել է նա:

 

Նախագահը նաև նշել է, որ մոտակա օրերին կկազմավորվի Իրաքի նոր կառավարությունը, որով զբաղվում է վարչապետ Հեյդար ալ Աբադին:

 

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել էր, որ ՆԱՏՕ-ն կքննարկի Իրաքի կառավարությունից օգնության ցանկացած խնդրանք: Նա նաև ավելացրել է, որ ՆԱՏՕ-ն մինչև այժմ որևէ հարցում չի ստացել Իրաքից ԻԼԻՊ խմբավորման դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար: «Ես համոզված եմ՝ եթե Իրաքի կառավարությունը դիմի օգնության խնդրանքով, դաշինքի համախոհները լրջորեն կուսումնասիրեն այն»,- նշել է Ռասմուսենը:

 

ԻԼԻՊ խմբավորումը արդեն մի քանի ամիս վերահսկում է երկրի ողջ տարածքի մեկ երրորդը: