Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հերքել է Ուկրաինային զենքի գաղտնի մատակարարումների վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters գործակալությանը, նա համապատասխան հայտարարությունն արել է սեպտեմբերի 8-ին Թուրքիա այցի ընթացքում:
Հեյգելը նշել է, թե իրեն հայտնի չէ «Ուկրաինային զենքի մատակարարումների վերաբերյալ գաղտնի գործարքի մասին, որն իբր կքնվել է Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»:
Պենտագոնի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայում կպահպանվի հրադադարի ռեժիմը, և ընդգծել է, որ այդ երկրի արևելքում հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի նախագահի խորհրդական և «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցության ղեկավար Յուրի Լուցենկոն Facebook-ի իր էջում հայտնել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, ելույթ ունենալով Նյուպորտի հանդիպման արդյունքում պայմանավորվել են զենք մատակարարել Ուկրաինային:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պայմանավորվածություններ են ձեռք բերվել արևմտյան ռազմական խորհրդականների ուղարկման և ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լեհաստանից, Նորվեգիայից արդիական զենքի մատակարարումների շուրջ»,- գրել է Լուցենկոն:
Այդ տեղեկատվության հերքմամբ արդեն հանդես են եկել Վարշավան և Օսլոն: Հռոմում պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել են, որ Իտալիան դիտարկել է Ուկրաինային ոչ մահաբեր ռազմական հանդերձանք մատակարարելու հնարավորությունը, այն էլ՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ սերտ կոորդինացմամբ»:
Փարիզում չեն մեկնաբանել ուկրաինական կողմի տարածած տեղեկատվությունը: «Այդ տեղեկատվությունն ստացվել է ոչ պաշտոնական աղբյուրներից: Ուստի մենք մտադիր չենք դրա վերաբերյալ որևիցե մեկնաբանություն տալ»,- հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախօրյակին Մարիուպոլ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների հետ պայմանավորվել է զենքի ուղղակի մատակարարումների շուրջ: