Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հասկանում է այլ երկրների շահագրգռվածությունը Ախբազիայով անցնող երկաթուղու վերականգնման հարցում, բայց լավ չի պատկերացնում, թե «ինչպես է այդ ամենն իրականացվելու»: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հունվարի 18-ին, Սուխումիում կայացած մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկար դեռեւս չի տեսնում:
«Կարող եմ հիշեցնել, որ Հարավային Կովկասի երկաթուղու աբխազական հատվածով խորհրդային ժամանակներում 24 բեռնատար եւ 14 ուղեւորատար գնացք էր երթեւեկում: Այդ երկաթուղով էին Կովկաս հասնում բեռների 13-15 տոկոսը, իսկ թե ինչ է հնարավոր հիմա, դժվարանում եմ ասել»,-ընդգծել է Անկվաբը:
«Աբխազիայի ղեկավարությանը ոչ ոք չի դիմել մեր հանրապետությունով անցնող տարանցիկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցով»,-ասել է նա, հավելելով, որ կոնկրետ առաջարկությունների դեպքում չի բացառում դրանց «կոլեկտիվ» (հասարակական) քննարկումը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Երեւան կատարած այցելության ժամանակ, հունվարի 17-ին, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայատարել էր, որ Բրաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել ապաշրջափակել Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկթաուղային գիծը: Այդ առումով, նրա դիրքորոշումը համապատասխանում է հայկական կողմի դիրքորոշմանը:
Նույն օրը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այդ հայտարարությունը «հակապետական» էր անվանել, որը հաշվի չի առնում Վրաստանի ռազմավարական շահերը: Նա հիշեցրել էր, որ Վրաստանը դեպի Եվրոպա արդեն ելք ունի Ախալքալաք-Կարս երկաթուղով: Սահակաշվիլին կարծիք էր հայտնել, որ այդ հարցը կարելի է քննարկել միայն Աբխազիայի դեօկուպացիայից հետո, կամ դրան զուգահեռ: