Քութաիսի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին հայտարարել է, որ նոր կառավարությունը մոտ օրերս պատրաստվում է ազատ արձակել ևս 20 «օրենքով գողի»:
Նա նշել է, որ արդեն ազատ են արձակվել «օրենքով գողեր» Էլգուջա Դիգմելաշվիլին, Գեորգի Կարանաձեն, Ռևազ Էսկուրայը, Բեսո Պապվիաշվիլին, Ձոցենիձեն, Դարախվելիձեն: Նախագահն ասել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է Վրաստանի կառավարության արձագանքը, քանի որ այն այնպիսին էր, կարծես նրանց ազատ արձակմամբ որևէ իրադարձություն է տեղի ունեցել:
Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանը հետ է գնում դեպի 90-ականներ, երբ Վրաստանի համար բնորոշ էին անպատասխանատվությունն ու միմյանց մեղադրելը: Համաներմամբ այժմ ազատ են արձակվում նրանք, ովքեր 90-ականներին Վրաստան էին բերում հանցագործների:
Վրաստանի քրեական օրենսգրքի 223 հոդվածի համաձայն՝ «օրենքով գողերը» չեն կարող ազատության մեջ լինել գտնվելով Վրաստանի տարածքում: Այդ պատճառով Վրաստանի իշխանությունները քրեական հանցագործներին առաջարկել են 24 ժամվա ընթացքում լքել Վրաստանի տարածքը:
Հունվարի 13-ին Վրաստանում ուժի մեջ է մտել համաներման մասին օրենքը: Համաներման արժանացել և ազատ են արձակվել Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացրած անձինք: Նաև ՌԴ 3 քաղաքացիներ, ովքեր Վրաստանի նոր իշխանության կողմից ճանաչվել են քաղբանտարկյալներ: