Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «2008թ. Վրաստան ներխուժած ռուսական զորքի մեջ մոտ 800 էթնիկ վրացի կար»: Այս մասին և մի շարք այլ ուշագրավ հայտարարություններ է արել նա այսօր նախագահական պալատում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը:
«Մենք պետք է շատ զգույշ լինենք: Վրացական պետություն կառուցելը մենք սկսել ենք միայն 9 տարի առաջ և, ցավոք սրտի, այն անպարտելի չէ: Հիմնական առավելությունը, որը ստացել են մեր հայրենակիցները Ախալքալաքում այն է, որ մենք պետության մեջ ենք ապրում: Եվ դա կարող է անհետանալ: Գլխավորը, ինչ ես չեմ ցանկանում, որ անհետանա' պետականության զգացումն է», - ասել է Սաակաշվիլին:
«Ես երբեք չեմ վախեցնում և չէի ցանկանում խոսել այս թեմայով' որքան ամիսներ եմ վատնել, որ նրանք դա չկարողանան անել, չէի ուզում, որ նրանք ջինին շշից դուրս թողնեն: Հիմա ես պետք է ամեն բան անեմ, որ այդ ահաբեկիչներն ու բանդիտները չկարողանան տեղերում իրավիճակի վերահսկողությունը վերցնել», - հայտարարել է Սաակաշվիլին խոսելով Ջավախքի մասին:
«Ռուսական բանակի նոր ռազմական դոկտրինը կայանում է նրանում, որ Ռուսաստանի նոր պատերազմները հիմնվեն տեղի բողոքի ներուժի վրա: Սկզբում պետք է ժողովուրդը դուրս գա, բողոք արտահայտի, ապա այնտեղ են մտնում ռուսները: Դրանում որևէ նոր բան չկա: 1921թ. նույնպես այդպես էին ներխուժում: Իբրև թե ապստամբել է ազգային փոքրամասնության պրոլետարիատը, և 11-րդ բանակը մտել է նրանց օգնելու, որին, ի դեպ, ուղղորդել, տարել են վրացիները:
Սկզբում, 1920թ. մենք համաներմամբ բաց թողեցինք ռուսական գործակալներին, բաց թողեցինք Ֆիլիպ Մախարաձեին, Լավրենտի Բերիային: Ի դեպ, 58-րդ բանակի և 2008թ. Վրաստան մտած այլ ստորաբաժանումները կազմում, ցավոք, մինչև 800 էթնիկ վրացի կար: Նրանց ողջ Ռուսաստանով էին հավաքել», - հայտարարել է Սաակաշվիլին: