«ՆԱՏՕ-ի կազմում Վրաստանի անդամագրումը կարող է հարցականի տակ դրվել», հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին, հանդես գալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, հաղորդում է Грузия Online-ը:

Նրա խոսքով՝ իր մոտ մեծ զարմանք է առաջացրել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Երևանում կատարած հայտարարությունները:

«Մասնավորապես նա ասել է, որ Վրաստանը կարող է միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Նա հավասարության նշան է դրել այդ երկու ուժերի միջև, իսկ որպես օրինակ ներկայացրել է մեր հայ բարեկամներին: Վրաստանը ընտրել է ՆԱՏՕ-ի անդամությունը, Հայաստանն այդ ճանապարհը չի ընտրել: Դա յուրաքանչյուր ժողովրդի ինքնիշխան իրավունքն է' ընտրել այն ճանապարհը, որը նրա համար առավել ընդունելի է: Սակայն հարաբերությունները և ինտեգրումը տարբեր բաներ են: Այն, ինչ ասել է վարչապետը, ցավոք, փոխում է այն ամենն, ինչ մենք մինչ այժմ արել ենք: Դա նշանակում է, որ Վրաստանի անդամագրումը ՆԱՏՕ-ի կազմում կարող է հարցականի տակ դրվել», - հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով, մի բան է, երբ կարգավորվում են ՌԴ-ի հետ հարաբերությունները, մեկ այլ բան է, երբ պահպանվում են երկրի հիմնական ձգտումները:

«Կարծում եմ՝ վրաց ժողովուրդն այդ հիմնական ուղղու փոփոխության օգտին չի քվեարկել», - ասել է նա: