ԱՄՆ-ն ցանկանում է ԼՂ հակամարտությունը կարգավորված տեսնել եւ հենց այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկու երկրների հետ հետամուտ է, որպեսզի խնդրի կարգավորումը խաղաղ տարբերակով կայանա:

 

Հայտարարությունը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ ճեպազրույցում Ջոն Հեֆերնը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններն ու ԼՂ հակամարտու թյան կարգավորման գործին լծված համանախագահները կարող են լուծման տարբերակներ առաջադրել, սակայն հակամարտությունը կարող են կարգավորել միայն երկու երկրների կառավարությունները: «Կողմերը պետք է դրսեւորեն քաղաքական կամք, հասկանան, որ պետք է գնան զիջումների' խաղաղության հաստատման համար:

 

Հակամարտության լուծումը համանախագահող պետությունները չեն կարող տալ, նրանք միայն կարող են առաջարկություններ ներկայացնել: Լուծում գտնելը կողմերի խնդիրն է»,- շեշտեց Հեֆերնը:

 

Անդրադառնալով Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Հեֆերնն ասաց, որ Դաշինքի անդամ պետություններն ու հատկապես ԱՄՆ-ն ողջունում են, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց գագաթնաժողովին եւ հանգամանալից ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հետ կապված:

 

«ԼՂ հակամարտության հարցում ՆԱՏՕ-ն որեւէ դերակատարում չունի եւ իր աջակցությունն է հայտնել ու պաշտպանում է ԵԱՀԿ ղեկավարության դիրքորոշումն ու մոտեցումներն այս հարցի ուղղությամբ»- շեշտեց դեսպանը: