Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չափազանց կարևոր էր' մանավանդ, որ Լիսաբոնում և Չիկագոյում կայացած նախորդ երկու գագաթաժողովներին մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացված չի եղել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' սեպտեմբերի 17-ին «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով հանրային քննարկմանը հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը:
«Հայաստանի մասնակցությունը գագաթաժողովին կանխեց Թուրքիայի մտադրության իրագործումը՝ կապված տարածքային ամբողջականության սկզբունքի շեշտադրման հետ»,- հավելեց նա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը կներառվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում:
Շահնազարյանը չհամաձայնեց, որ ՆԱՏՕ-ի հռչակագրում էական փոփոխություն չի եղել Հայաստանի համար: «ՆԱՏՕ-ն այն ձևաչափը չէ, որտեղ պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ կենաց-մահու կռիվ տալ և լուծում փնտրել: Նման պայքար մղելով՝ կթուլացնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը»,- նկատեց նա:
Հյուսիսատլանտյան դաշինքի վերաբերյալ Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ ՆԱՏՕ-ն քաղաքականից վերադարձել է ռազմաքաղաքական էությանը: Ըստ գագաթնաժողովի որոշումների' ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելացնեն ռազմական և անվտանգության ծախսերը մինչև ՀՆԱ-ի երկու տոկոս:
Շահնազարյանի դիտարկումներով' Միացյալ Նահանգներն անվտանգության ապահովման առումով վերադառնում է Եվրոպա և Բալթյան տարածաշրջան, իսկ Ռուսասատանի նոր քաղաքականությունը ուղղված է վերանայելու եվրոպական անվտանգության համակարգը:
Փորձագետը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա, սակայն չեն ստիպում Կրեմլին փոխել իր քաղաքականությունը: Նա նաև հույս հայտնեց, որ պատժամիջոցների խստացման դեպքում Հայաստանի իշախանական և ոչ իշխանական ուժերը, քաղաքացիական հանրությունը և մտավորայանները համակարգված կաշխատեն, որ երկիրը նվազագույնս տուժի դրանից: