Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խնդրել է շոտլանդացիներին՝ չմասնատել Միացյալ Թագավորությունը եւ դեմ քվեարկել անկախությանը սեպտեմբերի 18-ի հանրաքվեում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է սեպտեմբերի 10-ին Daily Mail թերթում հրապարակված հոդվածում:

 

Քեմերոնը Մեծ Բրիտանիան անվանել է «առանձնահատուկ երկիր» եւ նախազգուշացրել, որ նրա ապագան հայտնվել է հարցականի տակ: «Մեր միությունը թանկ արժե: Մի պառակտեք այն»,- գրում է կառավարության ղեկավարը:

 

Նա հիշեցնում է Շոտլանդիայի եւ Միացյալ Թագավորության մյուս մասերի համատեղ անցյալի մասին, նաեւ նշում է երկրի ժամանակակից սոցիալական նվաճումները, նախ եւ առաջ առողջապահության ազգային համակարգը, որը երաշխավորում է բոլոր քաղաքացիների անվճար բուժումը, ինչպես նաեւ կենսաթոշակային համակարգը:

 

«Թող Շոտլանդիայում ոչ ոք չկասկածի՝ մենք ամբողջ հոգով ցանկանում ենք, որ դուք մնաք,- ասված է հոդվածում:- Մենք չենք ցանկանում, որ ժողովուրդների այս ընտանիքը մասերի բաժանեն»:

 

«Եթե մենք միասին մնանք, կկարողանանք ավելի լավ ապագա կառուցել մեր երեխաների համար:- Մենք կարող ենք այնպես անել, որ մեր ապագան արժանի կլինի մեր պատմությանը, որովհետեւ երկրորդ հնարավորությունը մենք չենք ունենա: Եթե Միացյալ Թագավորությունը տրոհվի, դա կլինի ընդմիշտ»,- ընդգծել է Քեմերոնը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: