Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մտադիր Է անձամբ ներողություն խնդրել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուց Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքներից հետո նրա «մլավոցի» վերաբերյալ իր մեկնաբանության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին հաղորդել Է Sky News հեռուստաալիքը:

 

Ավելի վաղ Քեմերոնը հայտարարել է, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ուրախությունից «սկսեց մռմռալ», երբ ինքը նրան հայտնեց Շոտլանդիայի հանրաքվեում անկախության հակառակորդների տարած հաղթանակի մասին: Կառավարության ղեկավարի այս խոսքերը, որոնք հնչել են ԱՄՆ նրա այցի ժամանակ, նախատեսված չէին հանրության համար, բայց դրանք պատահաբար ձայնագրել են հեռուստալրագրողները: «Թեթեւացման զգացում ես ապրում, երբ որպես Միացյալ Թագավորության վարչապետ զանգահարում ես Նորին մեծությանը եւ ասում. «Ձերդ մեծություն, ամեն ինչ կարգին է»- ասել է Քեմերոնը: Չտեսնված բան էր՝ նա սկսեց մռմռալ հեռախոսափողի մեջ»:

 

Լրագրողների հարցին, թե վարչապետը ափսոսո՞ւմ Է թագուհու հասցեին արված իր մեկնաբանության համար եւ պատրաստվում Է արդյոք ներողություն խնդրել նրանից, Քեմերոնը պատասխանել Է. «Այո եւ այո»: Նա հավելել Է, որ շատ Է ցավում պատահածի համար:

 

Վարչապետի գրասենյակն արդեն կապվել Է Բուքինհեմյան պալատի հետ՝ ներողություն խնդրելու համար: Սպասվում Է, որ Քեմերոնը թագուհուց ներողություն կխնդրի անձնական հանդիպման ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: