ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Ուկրաինայի հարավ-արեւելքում հրադադարի ռեժիմի «պատշաճ մոնիթորինգի եւ ստուգման կարեւորության» մասին: Այդ մասին նա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հայտնել է հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ուկրաինայի ղեկավարի կայքին:
Պան Գի Մունը նաեւ նշել է, որ «ՄԱԿ-ն այդ մոնիթորինգն ուժեղացնելու նպատակով համագործակցում է ԵԱՀԿ-ի հետ»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ «դիվանագիտական քայլերը չափազանց կարեւոր են Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար»: Պյոտր Պորոշենկոն, իր կողմից, նշել է ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության թվակազմն ավելացնելու անհրաժեշտությունը:
Բացի այդ, ուկրաինական պետության ղեկավարի կարծիքով, «վաղաժամկետ խորհրդարանական եւ տեղական ընտրությունների անցկացումը հիմք կապահովի քաղաքական գործընթացի համար, ինչը կկարողանա կայուն խաղաղ գործընթաց ապահովել Ուկրաինայի, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում»:
Զրուցակիցները նաեւ քննարկել են Դոնբասում մարդու իրավունքների հարգումը եւ հումանիտար խնդիրների լուծման ուղիները, մասնավորապես, Կարմիր խաչի հետ ջանքերի համակարգման ճանապարհով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: