Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզում ավելի քան 900 հազար մարդու հանձնարարվել է տարհանվել շարունակվող տեղատարափ անձրևների պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ավելի վաղ Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը փոթորկի «հատուկ» նախազգուշացում էր հայտարարել Հոկայդոյի վարչական կենտրոնում՝ Սապպորո քաղաքում, ու ևս հինգ շրջաններում՝ կապված տեղատարափ անձրևների և սողանքների ու գետերի վարարման վտանգի հետ:

 

Գիշերվա ընթացքում կղզու առանձին շրջաններում գրանցվել է տեղումների ռեկորդային քանակություն՝ ժամում մինչև 110 միլիմետր: Սապպորոյում գիշերվա ընթացքում ավելի քան 300 միլիմետր տեղումներ են գրանցվել, դպրոցներում չեղյալ են հայտարարվել ուսումնական պարապմունքները:

 

Կղզում երթևեկությունը դադարեցված է գնացքների 287 երթուղիներում: Տոմակոմայ քաղաքի շրջանում սկսված սողանքի հետևանքով դադարեցվել է երթևեկությունը երկու ավտոճանապարհներին:

 

Սաստիկ անձրևները շարունակվում են երկրի նաև մյուս շրջաններում՝ Օսակայի, Սայտամայի և Միյագայի պրեֆեկտուրաներում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: