Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը եւ «Պյոտր Պորոշենկոյի դաշնիքը» չեն կարողացել համաձայնության գալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցության շուրջ, որոնք նշանակված են հոկտեմբերի 26-ին: Այդ մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Զերկալո նեդելի» թերթին:

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 27-ին հրամանագիր Է ստորագրել յոթերորդ գումարման Գերագույն ռադայի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ հոկտեմբերի 26-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Պատգամավորության թեկնածուներ են գրանցվել արդեն ավելի քան տասը մարդ: Սեպտեմբերի 10-ին «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը անցկացրել Է համագումար, որտեղ Յացենյուկն ընտրվել Է քաղաքական խորհրդի նախագահ, իսկ Գերագույն ռադայի խոսնակ Տուրչինովը՝ կուսակցության կենտրոնական շտաբի ղեկավար:

 

«Անցած գիշեր կողմերը փորձել են համաձայնության գալ, սակայն բանակցությունները, որոնք նախագահի վարչակազմում շարունակվել են մինչեւ առավոտյան ժամը 4-ը, արդյունք չեն տվել»,-նշում Է թերթը: Ինչպես պարզաբանել Է հրատարակության աղբյուրը, «երկու կողմերի ախորժակներն անհամատեղելի են եղել»:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում Է թերթը, առայժմ հաջողվել Է պայմանավորվածության հասնել այն բանի շուրջ, որ «Պորոշենկոյի դաշինքը» իր թեկնածուներին չի առաջադրի տասը մեծամասնական ընտրատարածքներում (225-ից), որպեսզի մրցակցություն չստեղծի «Ժողովրդական ճակատից» առաջադրվածների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: