Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահ Աղասի Արաբյանը Ջավախքում ապրող հայերի հիմնական խնդիրն է համարում դպրոցներում հայոց լեզվի պահպանությունը, ջավախահայերի սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը, աշխատատեղերի պակասը:
Սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Աղասի Արաբյանը: «Մարդիկ սեզոնային աշխատում են Ռուսաստանում, բայց հիմա վիզա է պետք Ռուսաստան գնալու համար, ինչը դժվարացրել է այդ ձևով ապրուստ վաստակող ջավախքցիների հոգսը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Աղասի Արաբյանը:
Նրա խոսքով' իրենց կողմից բարձրացված հարցերի լուծմանն ականատես են լինում, բայց շատ դանդաղ, և բազում հարցեր էլ դեռ լուծված չեն: «Այդ խնդիրներից առաջինը, Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիներին կարգավիճակ տալու հարցն էր, որը, մեր բարձրաձայնելուց հետո լուծում ստացավ: Ինչ-որ տեղաշարժ կա, իրենք մեր խնդիրներն ուսումնասիրում են ու փորձում են լուծել»,-նշեց Արաբյանը:
Ռուսաստանաբնակ ջավախահայերի ներկայացուցիչները Երևանում են մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացվող Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովին: Միությունը համաժողովին հանդես կգա մի քանի խնդիրների շուրջ իր առաջարկություններով:
«Առաջինը' կոչ անել, որ 2015-ին ողջ հայությամբ բոյկոտենք թուրքական ապրանքը, իրենք մեզ շրջափակման մեջ են պահում, մենք էլ պետք է ոչ մի թուրքական ապրանք չգնենք: Երկրորդը' Ախալքալաքում ռուսական ռազմաբազայի փոխարեն ուսումնական ռազմաբազա են ձևավորում , այդտեղ պետք է զինվորականների պատրաստեն ՆԱՏՕ-ի ուժերը, իսկ ամենամոտը Վրաստանին Թուրքիան է, որ կարող է դա անել: Դա էլ նշանակում է, որ թուրքեր կգան ու կբնակվեն այդ տարածքում, ինչն էլ դեմոգրաֆիկ փոփոխություններ կբերի»,-ասաց Աղասի Արաբյանը:
Ռուսաստանում Ջավախքից հեռացած 15-17 հազար հայ ընտանիք կամ 40-50 հազար մարդ է ապրում: Ակտիվ ձևով միության աշխատանքներում ներգրավված են 300 մարդ: