Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը որոշում է կայացրել երկարացնել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հայազգի Արթուր Միրզոյանի կալանքի ժամկետը 30 օրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը մինչև դատարանի վերջնական որոշում կայացնելը գրավի դիմաց Միրզոյանին ազատ արձակելու վերաբերյալ: Դատարանի որոշմամբ' մեղադրյալը կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 17-ը:

 

Նախորդ դատական նիստի ժամանակ Միրզոյանն ընդունել էր իր մեղքը և առաջարկել 500 հազար ռուբլի գրավ վճարել ու երկրից չհեռանալու պայմանով ազատության մեջ սպասել դատարանի որոշմանը: Միրզոյանի իրավաբան Գեորգի Շատվորյանը դատարանին հայտնել էր, որ իր պաշտպանյալը վտանգ չի ներկայացնում հասարակության համար, հետևաբար վերջնական որոշմանը կարող է սպասել ազատության մեջ:

 

Օգոստոսի 18-ին 43-ամյա Արթուր Միրզոյանը կրակել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան զինանշանի վրա: Նա անմիջապես ձերբակալվել էր, սակայն հրաժարվել էր խոսել իր արարքի դրդապատճառների մասին: Միրզոյանի գործողության հետևանքով տուժածներ չեն եղել:

 

Ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում Արթուր Միրզոյանի գլխավորած «Դոբրի լես» կազմակերպության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ Միրզոյանի պապերը, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկվելով, տեղափոխվել են Արևելյան Հայաստան: