Եվրոպայի խորհրդարանի Կանաչների խմբակցությունն ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին առաջդրել է «Սախարով»-ի պարգեւի թեկնածու: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ»-ը:
Պարգեւը Եվրոպայի խորհրդարանը հիմնել է 1988 թվականին: Այն տրվում է մարդու իրավունքների պաշտպանության համար պայքար տանող եւ դրա համար իշխանությունների լուրջ ճնշումների ենթարկված անձանց:
Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսը Բաքվում ձերբակալվել է որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալ, ով գտնվում է հետաքննության տակ' Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «հայրենիքի դավաճանության» հոդվածով:
Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, եւ իբր, համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ:
Լեյլա Յունուսը Ռաուֆ Միրկադիրովի ապoրինի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ հերթն իրենն է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ դրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ: