Ադրբեջանում ձերբակալված այդ երկրի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի բանտում առողջական վիճակի վատացման, շաքարախտով տառապելու պատճառով ներքին օրգաններն ախտահարման, առողջական վիճակի խիստ վատացման համար պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են, կոնկրետ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում Õ § «Ազադլըգ» թերթը:

 

Թերթի հետ զրույցում կինոռեժիսոր եւ սցենարիստ, ընդդիմադիր ուժերի «Ազգային Խորհրդի» անդամ Էլդանիզ Գուլիեւը հայտարարել է, որ իշխանությունների կողմից հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին կեղծ մեղադրանքներով ձերբակալելու, նրան հայամետության մեղադրող ուժերի երեսից է, որ այսօր նա կանգնել է մահվան հետ դեմ դիմաց: Նա գտնում է, որ 60-ամյա կնոջը մահացու վիճակի հասցնելը Ադրբեջանի իշխանության սեւերեսությունն է: «Այս իրադարձություններն Ադրբեջանում առկա վարչակար գի դեմքի իրական ցուցադրությունն են: Լեյլա Յունուսին տանջահար անելը ոչ մի լավ բան չի խոստանում իշխանություններին», -նշել է նա:

 

«Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւն էլ հայտարարել է, որ եթե Լեյլա Յունուսին բանտում ինչ-որ բան պատահի, դրա համար անմիջական պատասխանատվությունը կընկնի իշխանության վրա: «Անկասկած, այդ հարցի համար գլխավոր պատասխանատուն իշխանությունն է», -ասել է նա:

 

Լեյլա Յունուսի առողջական վատ վիճակի հետ կապված տագնապ են հնչեցրել նաեւ միջազգային կազմակերպությունները:

 

Ժնեւում գտնվող «Խոշտանգումների դեմ» միջազգային կոմիտեն եւ «Հանուն մարդու իրավունքների» դաշնությունը ձերբակալված իրավապաշտպան Լեյլա Յունուսի դրամատիկ վիճակի հետ կապված հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում լուրջ անհանգստություն են հայտնել նրա առողջական վիճակի կտրուկ վատացման կապակցությամբ եւ կոչ արել ուժեղացնել Ադրբեջանի իշխանությունների վրա միջազգային ճնշումը, որպեսզի փրկեն նրա կյանքը:

 

«Իշխանությունները պետք է անմիջապես միջամտեն, որպեսզի վերջ դրվի Լեյլա Յունուսի վրա ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումը եւ ազատ արձակեն նրան առանց որեւէ պայմանի», -ասվում է հայտարարության մեջ:

 

Լեյլա Յունուսի փաստաբաններն օրերս հայտնել են իրավապաշտպանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին. սրվել է հեպատիտ C-ն, նա 12 կգ-ով նիհարել է եւ տառապում է բարձր ճնշմամբ ու շաքարախտով:

 

Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը' Արիֆ Յունուսը ձերբակալվել են այս տարվա հուլիսին Հայաստանի օգտին լրտեսության, հարկերից խուսափելու եւ խարդախության կեղծ մեղադրանքներով:

 

Նրանց ձերբակալության իրական պատճառը հանդիսանում է Ադրբեջանում 98 քաղբանտարկյալների ցուցակի հրապարակումը, 2015 թվականին Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու կոչերը եւ երկրում մարդու իրավունքների խախտման համար կառավարության հասցեին հնչեցրած խիստ քննադատությունները:

 

Annesty International-ը կոչ է արել Արիֆ եւ Լեյլա Յունուսներին ճանաչել խղճի բանտարկյալներ:

 

Լեյլա Յունուսը Ֆրանսայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Արժանացել է 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոյի անվան «Sergio Vieria de Mello» պարգեւի: