Մեքսիկայում մի խումբ սենատորներ հանդես են եկել հանրապետության նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի և նրա կառավարության անդամների աշխատավարձը կրկնակի կրճատելու նախաձեռնությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես նշել են Սենատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները, աշխատավարձերի կրճատման շնորհիվ կհաջողվի տարեկան տնտեսել պետբյուջեի մինչև 20 մլրդ պեսո (մոտավորապես 1,5 մլրդ դոլար): Այդ միջոցներն առաջարկվում է օգտագործել երկրում սոցիալական և պարենային ծրագրեր իրագործելու համար:

 

Նախաձեռնությամբ հանդես եկած 43 սենատորները, որոնք բացառապես ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ են, հույս ունեն ստանալ Կոնգրեսի երկու պալատներից մեկի 33 տոկոս պատգամավորների աջակցությունը: Այդ դեպքում հանրապետությունում հանրաքվե կանցկացվի տվյալ հարցի շուրջ:

 

Հրապարակված հաշվետվությունների համաձայն՝ նախագահ Նիետոյի ամսական զուտ եկամուտը կազմել է շուրջ 120 հազար պեսո (9 հազար դոլարից փոքր-ինչ ավելի), հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: