ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերին կայցելեն տարածաշրջան' նախապատրաստելու համար հայկական և ադրբեջանական կողմերին նախագահների մակարդակով Փարիզում կայանալիք հանդիպմանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է, որ իրենք նախատեսում են նաև նախնական հանդիպումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ' Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում:

 

Բարձր գնահատելով Սոչիում երկու երկրների նախագահների հանդիպումը և դրա արդյունավետությունը հրադադարի ռեժիմի պահպանման գործում' Պոպովը հույս է հայտնել, որ Փարիզում կայանալիք հանդիպումը ևս դրականորեն կանդրադառնա խնդրի խաղաղ կարգավորման վրա: «Փարիզյան հանդիպման մանրամասները մենք կքննարկենք հաջորդ շաբաթ, համանախագահների խորհրդի ժամանակ:

 

Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, սակայն, հուսով եմ, որ Փարիզում նախատեսվող հանդիպումը կարևոր լրացում կլինի այն աշխատանքին, որը վերսկսվեց Սոչիում և շարունակվեց Ուելսում»,- ասել է ռուսաստանցի հ ամանախագահը: Նա հայտնել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի թեման կարող է քննարկվել նոյեմբերին Բազելում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովի ժամանակ:

 

Պոպովի համոզմամբ' շփման գծից դիպուկահարների հեռացումը, հումանիտար շփումների վերականգնումը կարևոր են հակամարտող կողմերի միջև վստահությունը վերականգնելու գործում, և այս հարցերը մշատպես առկա են բանակցային գործընթացում:

 

«Ո’չ ես, ո’չ էլ իմ գործընկերները բավարարված չենք այն բանով, որ հակամարտությունն արդեն քսան տարի մնում է չկարգավորված: Այդուհանդերձ, ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ դրա պատճաը միջնորդների գործունեության ցածր արդյունավետությունն է:

 

ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների հետ մենք ձգտում ենք, որ կարգավորման գործընթացն ավարտվի հնարավորինս շուտ և կողմերի միջև հարաբերություններում տիրի խաղաղությունն ու կայունությունը: Սակայն այս աշխատանքի ավարտի ժամկետները կախված են ոչ այնքան միջնորդներից, որքան կողմերի քաղաքական կամքից»,- շեշտել է Իգոր Պոպովը: