ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) հոկտեմբերի 14-18-ին կլինեն տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ հոկտեմբերի 17-ին համանախագահները կլինեն Երևանում, կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ամենայն հավանականությամբ, այցի նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումը, որը տեղի է ունենալու Ֆրանսիայում:
Հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է: Մայիսին Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ Օլանդը երկու երկրների նախագահներին հրավիրել էր Փարիզ' քննարկելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերը:
Մինչ փարիզյան հանդիպումը երկու երկրների նախագահները Սոչիում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, իսկ հետո Նյու Յորքում կայացել է եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: