Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության սոցիալական ապահովության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները:

 

Իր խոսքում Վերահսկիչ պալատի սոցիալական ոլորտի վերահսկողությունն իրականացնող հանձնաժողովի նախագահ Խաչիկ Վարդանյանը ներկայացրեց Հղիության, ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության նպաստի վերաբերյալ 2013 թվականի տվյալները: Ըստ ուսումնասիրությունների՝ եղել են դեպքեր, երբ որպես հղիության և ծննդաբերության նպաստ' մասնավոր ընկերություններն իրենց աշխատակիցներին վճարել են 9, 18, 20 միլիոն դրամ: Վերջինս օրինակ բերեց մի քանի մասնավոր կազմակերպությունների անուններ, որտեղ խոշոր գումարներ են վճարվել իրենց աշխատակիցներին, ինչը խիստ տարբերվում է ֆիզարձակուրդի մեջ գտնվող պետական հիմնարկների աշխատակիցներ հանդիսացող կանանց վճարվող գումարներից:

 

Վարդանյանը նշեց, որ մասնավոր կազմակերպություններից մեկում ֆիզարձակուրդում գտնվող աշխատակցուհուն վճարվել է 30 միլիոն դրամ:

 

Քննարկման ընթացքում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ ՎՊ-ն դեմ չէ, որ մասնավոր հատվածում բարձր աշխատավարձեր և պարգևատրումներ լինեն, պարզապես նկատում է, որ ոլորտում կան օրենսդրական լուրջ բացեր. «Ես ընդամենը մի բան եմ ուզում ասել, որպեսզի փարատեմ մի խնդիր, որը վերաբերում է մասնավոր հատված-պետբյուջե հարաբերություններին: Թյուր տպավորություն կա, որ այս ուսումնասիրության մեջ ՎՊ-ն մեղադրում է մասնավոր հատվածին և իբր ՎՊ-ն դեմ է մասնավորում բարձր աշխատավարձերին կամ պարգևատրումներին: Մենք ընդամենը ցույց ենք տվել, որ կա օրենսդրական բաց, որը պետք է շտկվի: Հղիության և ծննդաբերության նպաստի ցուցակում կտեսնեք, որ ամբողջը մասնավոր հիմնարկներ են, որոնցում օրինակ մեկ ամիս, երկու ամիս առաջ են ընդունել աշխատանքի, տվյալ անձը գնացել է ֆիզարձակուրդ, և վճարել են նրա նպաստը: Ցույց տվեք օրենք, որով այդ մարդիկ իրավունք չունեին աշխատանքի ընդունելու, այդ պատճառով մենք ունենք լուրջ օրենսդրական բաց»:

 

«Մենք գործ ունենք նաև մեկ այլ երևույթի հետ, որը ևս մտահոգիչ է: Կազմակերպություններում անաշխատունակության թերթիկների 20 տոկոս աճ ենք տեսնում՝ համեմատած 2013-ի հետ: Հասկանում ենք, որ աշխատողները կարող են առողջական խնդիրներ ունենալ, բայց, 2011-2013 թվականի հետ համեմատած, մեծ է տարբերությունը: Այս դեպքում ևս խնդիրն օրենսդրական բացն է: ՎՊ-ն ուսումնասիրություններ է սկսելու պոլիկլինիկաներում, որովհետև ունենք կասկածներ, որ այնտեղ որոշակի խնդիրներ կան և որոշ թերթիկներ տալիս են օրենքից դուրս, բայց որ ակնհայտ աճ կա, դրանում ոչ մի խոսք: Ես ուզում եմ շատ ճիշտ հասկանաք հարցադրման մեխը, որ ասում ենք՝ կառավարություն, կա օրենսդրական լուրջ բաց, որոշ խնդիրներ ճշգրտման կարիք ունեն, մնացած դեպքերում՝ ով ինչ մեկնաբանություն կտա, դրա հասցեատերը մենք չենք»,- ասաց Իշխան Զաքարյանը:

 

Քննարկմանը ներկա էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով նշեց, որ այս խնդիրները նոր չեն առաջացել, և մոտ երեք տարի է՝ քննարկվում են: «Մենք չենք կարող այնպիսի կարգավորում տալ, որ ժողովրդագրական խնդիրներ ունենանք»,- ասաց նախարարը և առաջարկեց միասին գտնել խնդրի լուծման օպտիմալ տարբերակ: