«Իսլամական պետության» գրոհայիններին ոչնչացնելու գործողությունը կարող է տարիներ տևել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍ-ը, Պենտագոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել գործողության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ուիլյամ Մեյվիլը:
Պատասխանելով հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի «Իսլամական պետության» ահաբեկի չներին ոչնչացնելու համար, նա պատասխանել է. «Կարծում եմ՝ տարիներ»:
Երեքշաբթի «Իսլամական պետության» ոչնչացման միջազգային կոալիցիայի ավիացիոն ուժերը Սիրիայի արևելքում ոչնչացրել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման շուրջ 50 իսլամիստների: Սիրիական Ռաքքա և Հալեպ մարզերում ավիացիոն ուժերի կողմից 20 հարված է հասցվել: Հայտնի է նաև, որ օդային հարվածների հետևանքով զոհվել է նաև 8 խաղաղ բնակիչ, որոնց թվում նաև կանայք և երեք երեխա:
Օդային հարվածներին մասնակցել են Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Բահրեյնի և Քաթարի ինքնաթիռները: