Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման դեմ պայքարն ԱՄՆ-ի զինվորականների վրա նստել Է արդեն 1,1 մլրդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները հրապարակել Է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
Հաշվարկը կատարվել Է հունիսի կեսից ի վեր ընկած ժամանակաշրջանում, երբ Վաշինգտոնն սկսեց զինվորական մասնագետների ուղարկել Իրաք՝ տեղական զորքերին կոնսուլտատիվ օգնություն ցուցաբերելու եւ երկրում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներին պաշտպանելու համար: Հաշվետվության համաձայն՝ 62 միլիոն դոլար ծախսվել Է այն ավիահարվածների վրա, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գործողությունների շրջանակներում, ինչպես նաեւ «Թոմահավք» թեւավոր հրթիռների արձակման համար:
Իսկ ըստ ընդհանուր գնահատումների՝ Պենտագոնը Սիրիայում եւ Իրաքում օրական ծախսում Է մինչեւ 10 մլն դոլար՝ սկսած հունիսից: Թիվն ավելացել Է աստիճանաբար՝ հարվածների ինտենսիվության աճի եւ ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողության գոտու ընդլայնման համեմատ:
Պենտագոնի նախկին ղեկավար Լեոն Պանետան կարծիք Է հայտնել, որ «Իսլամական պետության» դեմ պատերազմը, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի սխալների պատճառով, կարող Է տեւել 30 տարի: Պանետան քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշումները, որոնք նա ընդունել Է վերջին երեք տարում: Նրա կարծիքով՝ 2011 թվականին Իրաքից զորքերի դուրսբերումը «վակուում» ստեղծեց անվտանգության առումով, իսկ երկրում զինյալների թիվը զգալիորեն ավելացավ:
Բացի այդ, Պանետան կշտամբել Է Օբամային այն բանի համար, որ նա չանսաց 2012 թվականին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդներին զինելու Հիլարի Քլինթոնի եւ ԿՀՎ-ի ղեկավարի կոչերին: Պանետայի կարծիքով՝ սիրիական հակամարտությանն ԱՄՆ-ի նման մասնակցությունը կարող Է կանխել «Իսլամական պետության» զինյալների ուժեղացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: