Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է կուսակցությունների գրանցումը Գերագույն ռադայի ընտրություններում: Ընդամենը թույլատրվել Է ընտրարշավին մասնակցել 29 քաղաքական միավորումների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՈՒՆԻԱՆ-ին:
Գրանցման վերջին օրը՝ սեպտեմբերի 26-ին, ԿԸՀ-ն հաստատել է «Ընդդիմադիր դաշինք», «Աջ սեկտոր» կուսակցությունների, Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցության, Կոմկուսի եւ այլ կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին:
Ավելի վաղ Ուկրաինայի ԿԸՀ-ն գրանցել էր վարչապետ Արսենի Յացենյուկի եւ Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի «Ժողովրդական ճակատը», «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» նախագահամետ շարժումը, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» եւ այլ կուսակցություններ:
Դնեպրոպետրովսկի մարզի միամանդատ ընտրատարածքում թեկնածու է գրանցվել «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը, որը Ռուսաստանի կողմից հետախուզման մեջ է հայտարարվել ահաբեկչական գործունեության կոչեր անելու, ինչպես նաեւ 1990-ական թվականների սկզբին չեչեն անջատականների հետ կապեր ունենալու համար:
Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները նշանակված են 2014 թվականի հոկտեմբերի 26-ին: