Հայ առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի 27-ին նշում է Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օր: Հայ եկեղեցին Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակը տոնում է Խաչվերացի երկրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

 

Սուրբ Գևորգը Կապադովկացի է' բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ: Զինվորագրվելով հռոմեական բանակին' իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է վերջինիս' քրիստոնյաներին հալածելու ծրագրին' բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է տվել սրբին' ենթարկելով անլուր չարչարանքների: Ս. Գևորգի քարոզության շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին:

 

Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին փորձելու և դարձի բերելու համար: Առաջին դեղով բաժակը խմելուց հետո պիտի փոխվեր սրբի միտքը, իսկ երկրորդի պարագայում' պիտի մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ երկուսն էլ խմում է և ի զարմանս բոլորի կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատանը' մեկառմեկ ջարդոտում է բոլոր կուռքերը' ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկ ղետիանոս կայսրը 303թ. գլխատել է տալիս Ս. Գևորգին:

 

Ադոկտոսը նահատակվել է 320թ. հայկական Մելիտենեում Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան' Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսեր, նրան փախցնում է արևելք: Քրիստոնյա լինելու պատճառով կայսեր հրահանգով զրկվում է իր կոչումից և ունեցվածքից' վտարվելով Մելիտենե: Տեղի կուսակալին չի հաջողվում հեթանոսության դարձնել Ադոկտոսին: Անսասան մնալով իր հավատքին' գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը' Պելոպիան, թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը' Կոստանցան, պաշտպանում է Կալիսթենեին, որը հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում:

 

Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ Կ. Պոլսի Ս. Սոփիա եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է շատերի կողմից: Ս. Աստվածածինը հայտնվում է նրան երազում և տալիս է մի թղթագլան' հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստանում է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Վախճանվել է 556թ.: