Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում ծայրահեղականների դեմ պայքարի շրջանակներում ցանկացած գործողություն պահանջում է օրինական կառավարությունների համաձայնությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ինչ էլ որ երկրներն անելու լինեն «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, չի կարելի անտեսել ժողովուրդներին եւ օրինական կառավարություններին, նրանք պետք է իրազեկված լինեն այդ գործողությունների մասին, նրանցից պետք է թույլտվություն խնդրել»,- ասել է Ռոուհանին:
Ավելի վաղ Իրանի նախագահը Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, հայտարարել է, որ իր երկիրը կարող է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարում ընդլայնել գործակցությունն Արեւմուտքի հետ, եթե միջազգային միջնորդների «վեցյակի» հետ հաջողվի համաձայնագիր ստորագրել միջուկային խնդրի շուրջ:
«Մենք պետք է առաջնորդվենք գերակայություններով եւ բարձր նպատակներով: Առաջշարժումը շահավետ կլինի ԱՄՆ-ին եւ Իրանին»,- ընդգծել է Իրանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: