Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում սեպտեմբերի 27-ին հանդիպեցին Արարատի մարզից զորակոչված և Բերդի, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի գնդերում ծառայող զինվորներն ու նրանց ծնողները: Զինվոր-ծնող հանդիպումը կազմակերպվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ջանքերով: Միջոցառումից առաջ Սեյրան Օհանյանը և մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեցին սահմանապահ զորամասեր: Տոնական միջոցառումը մեկնարկեց թատրոնի բակում: Փողային նվագախմբի հնչյունների ներքո դահլիճ մտան Օնիկ Գասպարյանը, Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր, զինվորի մայր Կարինե Պողոսյանը:

 

ՀՀ օրհներգի հնչյուններից և միջոցառման հանդիսավոր բացումից հետո մարզի ղեկավար Ռուբիկ Աբրահամյանը ողջունեց երրորդ բանակային կորպուսի հրամանատարական կազմին' համագործակցության համար, ապա շնորհավորելով ծնողներին' ասաց, որ այս միջոցառման կազմակերպման նպատակն է ավելի սերտացնել զինվոր-ծնող-հասարակություն կապը: Նա ընդգծեց, որ բարձր դասարանցիների այստեղ գտնվելը նպատակ ունի նրանց ևս մոտիկից ծանոթացնել բանակային կյանքին, մեր խիզախների հետ, որ աշխատեն նմանվել նրանց: Մարզպետը հանդիսության ժամանակ մեկ անգամ ևս բոլորի ուշադրությունը հրավիրեց «Բիաթլոն-2014» տանկային մրցույթի հաղթող Գագիկ Գրիգորյանի վրա: Մարզպետը նրան կրկին անգամ շնորհավորեց' այս անգամ նվիրելով մարզպետի պատվոգիր և դրամական պարգև:

 

ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանն իր ելույթում ասաց, որ իր որդին ևս ծառայում է բանակում, և ինքը հպարտ է, որ զինվորի մայր է:

 

Ոգեշունչ ելույթով հանդես եկավ Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը:

 

ՀՀ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանը մարզպետին շնորհակալություն հայտնեց այս գեղեցիկ միջոցառման համար, ապա դիմելով ծնողներին' իր երախտագիտությունը հայտնեց նրանց հայրենասեր զավակներ դաստիարակելու համար: Գնդապետը հպարտությամբ ասաց. «Հարգարժան ծնողներ, Ձեր զավակներն էին, որ հուլիս-օգոստոս ամիսներին «շան ջարդ» տվին թշնամուն, որ Հյուսիս-Արևելյան սահմանը խախտելով ցանկանում էր պղծել մեր մայր հողը»:

 

Հրամանատարը Բերդի, Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի գնդերի զինծառայողներին, այդ թվում՝ Արարատի մարզից զորակոչված զինվորներին հորդորեց ավելի աչալուրջ լինել ու միշտ այդպես անկոտրում, որի վառ օրինակը նրանք արդեն ցույց են տվել:

 

Ներկաները դիտեցին երրորդ բանակային կորպուսի կազմավորման ու մարտական ուղու մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ: Հնչեցին Գուսան Հայկազունի ռազմահայրենասիրական երգերը: Ավելի քան հինգ ժամ տևած միջոցառման ընթացքում հանդես եկան տարբեր գնդերի ինքնագործ խմբեր:

 

Այդ օրը ժամկետային 64 օրինակելի զինծառայողներ ստացան 10-օրյա արձակուրդ, իսկ նրանց ծնողները' շնորհակալագրեր:

 

 

Լիլիթ Մաճկալյան