Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիպեցին Արարատի մարզից զորակոչված եւ ԼՂՀ զորամասերում ծառայող 50 զինվորներն ու նրանց ծնողները: Զինվոր-ծնող հանդիսավոր հանդիպմանը ներկա էին ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Մովսես Հակոբյանը, հրամանատարներ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզի չորս տարածաշրջանի զինկոմներ, դպրոցի տնօրեններ, զինղեկներ, Երկրապահ կամավորական միության անդամներ, հյուրեր, այլք:
Տոնական միջոցառումը մեկնարկեց թատրոնի բակից: Փողային նվագախմբի հաղթական հնչյունների ներքո թատրոնի հրապարակ մտան Ռուբիկ Աբրահամյանը, Մովսես Հակոբյանը, ԼՂՀ-ից ժամանած հյուրեր, ԵԿՄ մարզային եւ քաղաքային կառույցի ղեկավարներ: Միջոցառումը շարունակվեց թատրոնի շենքում' «Բանակը մեր տունն է» խորագրով միջոցառմամբ: Ելույթներով հանդես եկավ Արցախի զինված ուժերի «Ասպետ» համույթը, ցուցադրվեց արցախյան ազատամարտին նվիրված տեսաշար:
Շնորհակալական ելույթներով հանդես եկան ծնողները: Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահան Ալոյանն իր ելույթում հորդորեց անառիկ պահել հայոց հողը: Մովսես Հակոբյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին այս նախաձեռնության համար: Դիմելով ծնողներին' նա հպարտությամբ նշեց, որ իրենց որդիները պաշտպանում եւ անառիկ են պահում պապերի եւ հայրերի կյանքի գնով ետ վերցված պապենական հողերը:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջույնի իր խոսքից հետո նշեց, որ սալ երրորդ անգամն է, որ Արտաշատում կազմակերպվում է ծնող-զինվոր հանդիպումը: Վերջինը տեղի էր ունեցել սեպտեմբերի 27-ին, որի ժամանակ իրենց ծնողների հետ հանդիպել էին Բերդի, Իջեւանի, Դիլիջանի եւ Նոյեմբերյանի գնդերում ծառայող զինվորները: Նա նշեց, որ նման հանդիպումներն ավելի են ոգեւորում եւ ուժ տալիս զինվորին' մեծ ոգեւորությամբ շարունակելու հետագա ծառայությունը:
Միջոցառուման ավարտին Տեր Մխիթար քահանա Ալոյանին, Արարատի մարզային ԵԿՄ նախագահ Մեսրոպ Արոյանին պարգեւատրվեցին ԼՂՀ Պաշտպանության բանակի մեդալներով: Մարզի երկու դպրոցներ ստացան գրքեր, մի քանի տնօրեններ եւ զինղեկներ պարգեւատրվեցին ժամացույցներով: Ժամկետային զինծառայողները ստացան հնգօրյա արձակուրդ, իսկ նրանց ծնողները' շնորհակալագրեր:
Լիլիթ Մաճկալյան