ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր է նոյեմբերին այցելել Պեկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տունը՝ ամփոփելով Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ նախագահի հանդիպման արդյունքները:

 

«Նախագահ Օբաման հավաստեց, որ ինքն ակնկալում է այցելել Չինաստան»,- հայտնել է Սպիտակ տունը՝ ճշտելով, որ Օբամայի՝ նոյեմբերի 10-12-ին Պեկին պլանավորված այցի մանրամասները ՉԺՀ-ի ԱԳ նախարարը քննարկել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսի հետ: Չինական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Պեկինում Օբաման կմասնակցի APEC-ի ղեկավարների հետ հանդիպմանը:

 

ԱՄՆ-ի ղեկավարը բանակցությունների ընթացքում նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները «ուշադիր հետեւում է Հոնկոնգում իրադրության զարգացմանը, եւ հույս Է հայտնել, որ Հոնկոնգի իշխանությունների եւ բողոքի ակցիաների մասնակիցների միջեւ տարաձայնությունները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով»:

 

ՉԺՀ-ի ԱԳ նախարարն իր հերթին ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հոնկոնգի իրադրությունը Չինաստանի ներքին գործն է եւ նախազգուշացրել է արտաքին միջամտության փորձերից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: