ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակ է ուղարկել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, որում հայտարարել է, թե Վաշինգտոնը, ինչպես եւ Թեհրանը, շահագրգռված է Սիրիայում եւ Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հաղորդել է The Wall Street Journal թերթը:
«Նամակն, ըստ երեւույթին, նպատակ ուներ աջակցել ԻՊ-ի դեմ պայքարի ռազմարշավին, ինչպես նաեւ Իրանի կրոնական առաջնորդին դրդել համաձայնություն կնքելու իրանական միջուկային ծրագրի շուրջ»,- նշում է հրատարակությունը, որի տվյալներով դա 2009 թվականից ի վեր նախագահ Բարաք Օբամայի արդեն առնվազն չորրորդ ուղերձն է Իրանի հոգեւոր առաջնորդին: Այն հասցեատիրոջն ուղարկվել է հոկտեմբերի կեսերին:
Միեւնույն ժամանակ, մեկնաբանելով հրապարակումը, Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում ռազմական համագործակցություն հաստատել Իրանի հետ եւ նրա հետ հետախուզական տվյալներ փոխանակել ԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով: Սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը չի հերքել The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածի բովանդակությունը: «Ես չեմ կարող խոսել նախագահի եւ աշխարհի մեկ այլ ղեկավարի անձնական նամակագրության մասին»,- հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: