Հունաստանը պետք է մնա եվրոգոտում եւ նրան անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի, եթե նա բարեփոխումներ անցկացնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Բեռլինում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Հունաստանի հեռուստատեսությունը:

 

Ցիպրասն իր կողմից հայտարարել է, որ Հունաստանի նոր կառավարությունը մտադիր է իրականացնել բարեփոխումներ, որոնք կօգնեն երկրի զարգացմանը:

 

Ինչպես նշել են երկու ղեկավարները, հանդիպմանը քննարկվել են եվրոգոտու եւ Եվրամիության խնդիրները, երկկողմ հարաբերությունները:

 

«Հունաստանի կողմից ներկայացվող տնտեսական տվյալները պետք է թափանցիկ լինեն: Հունաստանի կառավարությունը պետք է ներկայացնի, թե ինչ բարեփոխումներ է նա իրականացնելու եւ ինչ ժամկետեներում, երբ են բանակցություններ անցկացվելու վարկատուների հետ: Ես կցանկանայի, որ Հունաստանը լինի եվրոգոտում, զարգացնի տնտեսությունը, պայքարի գործազրկության դեմ: Դա նշանակում է, որ պետք է լինեն բարեփոխումներ»,- հայտարարել է Մերկելը:

 

Ցիպրասը հանդիպումը գնահատել է արդյունավետ ու կառուցողական: Նա նշել է, թե պետք է դադարել բոլոր անհաջողությունների համար արտաքին ուժերին եւ օտարերկրացիներին մեղադրելը, ինչպես որ դա հաճախ լինում է Հունաստանում:

 

«Պետք է բուժել հին հիվանդությունները: Մեր նպատակը բարեփոխումների մեծ ծրագիր իրականացանելն է: Դա պայքարն է հարկերից խուսափելու դեմ, եւ ճգնաժամի բեռը պետք է կրեն նրանք, ովքեր մինչ այդ խուսափել են: Բարեփոխումների հետ միասին մենք պետք է փոփոխություններ կատարենք բյուջեում, արդարադատության բնագավառում»,- ասել է Ցիպրասը:

 

Նրա կարծիքով՝ հարկավոր է հրաժարվել հասարակության մեջ հույների եւ գերմանացիների մասին հաստատված կարծրատիպերից: Ցիպրասը դատապարտել է Spiegel հանդեսի կողմից շապիկին ֆոտոկոլաժի հրապարակումը, որտեղ Մերկելը Վերմախտի սպաների հետ միասին կանգնած է Ակրոպոլիսի ֆոնին:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ցիպրասը հայտարարել է, որ պետք է լուծել «անցյալի խնդիրները»՝ վերադարձնել հարկադրական օկուպացիոն փոխառությունը, որը վերցվել է 1941-1944 թվականներին Հունաստանի օկուպացման ժամանակ, եւ ռազմատուգանքներ վճարել ավերված ենթակառուցվածքի համար: «Դա ոչ թե պարզապես նյութական, այլ բարոյական թեմա Է, որը վերաբերում է երկու ժողովուրդներին: Պետք է շրջել նացիզմի էջը»,- ասել է Ցիպրասը:

 

Մերկելը հայտարարել է, որ ռազմատուգանքների հարցը լուծված է եւ հրաժարվել է այն քննարկել:

 

«Գերմանիայի քաղաքական ղեկավարությունը փակված է համարում ռազմատուգանքների թեման»,- ասել է նա, հավելելով, որ, իհարկե, կա պատմական պատասխանատվության հարցը, եւ Բեռլինում գիտեն՝ ինչ զրկանքներ է կրել Հունաստանը բռնազավթման շրջանում: