Լիբիայի Բենղազի քաղաքում ահաբեկչությունների և դրանց հաջորդած բախումների հետևանքով զոհվել են լիբիական բանակի 36 զինծառայող, ևս 70-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումներն ընթացել են Բենին միջազգային օդանավակայանի մերձակայքում: Նախօրեին 3 ականապատ մեքենա են պայթել օդանավակայանի մերձակայքում, որից հետո բախումներ են սկսվել լիբիական ազգային բանակի և զինված իսլամիստական խմբավորումների միջև: Իսլամիստները փորձել են վերահսկողություն հաստատել միջազգային օդանավակայանի վրա:
Տեղեկությունների համաձայն, բանակին հաջողվել է ոչնչացնել ավելի քան 20 զինյալների, որոնք պատկանում են «Անսար աշ Շարիա» խմբավորմանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ բանակի 7 զինծառայող են զոհվել, վիրավորվել են ևս 50-ը: Զինված ծայրահեղական խմբավորումներն արդեն մի քանի շաբաթ փորձում են գրավել օդանավակայանը:
2011թ. Լիբիայի նախագահ Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից հետո երկրում իրավիճակը չի կարգավորվել: