Մեքսիկայում ձերբակալել են «Խուարես» թմրակարտելի՝ երկրում ամենախոշոր հանցախմբերից մեկի պարագլխին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը: 51-ամյա Վիսենտե Կարիլյո Ֆուենտեսը բռնվել է Տորեոն քաղաքում:

 

Նրան բռնելու համար Մեքսիկայի իշխանությունները պարգեւատրում էին առաջարկում 30 մլն պեսոյի (2,2 մլն դոլարի) չափով: Վճարվել է արդյոք այդ գումարը, չի հաղորդվում: Չեն բացահայտվում նաև նրա ձերբակալման գործողության մանրամասները: Հայտնի է, որ Վիսենտե Ֆուենտեսը կարտելը գլխավորել է 1997 թվականին՝ եղբոր՝ Ամադո Կարիլյո Ֆուենտեսի մահվանից հետո:

 

«Խուարեսը» Մեքսիկայի խոշորագույն թմրակարտելներից մեկն է, որը հաստատվել է Սյուդադ-Խուարես քաղաքում: Այն գործում է երկրի 21 նահանգում: Այդ կազմակերպությունն զբաղվում է ԱՄՆ-ին և Եվրոպային թմրանյութերի մատակարարմամբ: 2007 թվականից այն «Սինալոա» կարտելի դեմ պայքարում է Խուարես նահանգի նկատմամբ հսկողության համար: Այս երկու կազմակերպությունների միջև պայքարը հազարավոր մարդկանց կյանք է խլել Չիուաուա նահանգում: