Ճապոնիայի Կյուսյու կղզում շուրջ 50 հազար բնակարան եւ մասնավոր տներ են առանց էլեկտրաէներգիայի մնացել «Վոնֆոն» թայֆունի հարվածի պատճառով, որը երկրի տարածքով շարժվում է դեպի հյուսիս-արեւելք: Քամու ուժգին պոռթկումները, որոնց արագությունը հասնում է վայրկյանում 50 մետրի, շարքից հանել են էլեկտրահաղորդման գծերը, որոնց վերականգնումը եղանակի պատճառով մեծ դժվարությամբ է ընթանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Վերջին մեկ օրվա ընթացքում Ճապոնիայում տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել 46 մարդ: Տուժածների մեծամասնությունը գետին է տապալվել ուժգին քամուց կամ վիրավորվել է թռչող առարկաների հարվածներից, հաղորդել է հրշեջ վարչությունը, որը Ճապոնիայում շտապ օգնության գործառույթներ է կատարում: Սիձուոկա քաղաքի ծավափին ալիքները քշել-տարել են մի մարդու, որն անհայտ կորած է համարվում:

 

Մոլեգնող տարերքի պատճառով Կյուսյու եւ Սիկոկու կղզիներում չեղյալ է հայտարարվել գրեթե 370 ավիաչվերթ, ընդհատված է լաստանավային հաղորդակցությունը, տեղեկություններ են ստացվում Կյուսյու կղզում գնացքների երթեւեկության խախտման վերաբերյալ: Իշխանությունները նախազգուշացնում են սողանքների եւ ջրհեղեղների վտանգի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: