Ձնաբքերի պատճառով էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետեւանքով հունվարի 19-ին Ճապոնիայի գլխավոր կղզու՝ Հոնսյուի հյուսիս-արեւելքում առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ 50 հազար տուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է տեղի էներգետիկական ընկերությունը:
Մոտավորապես 9,7 հազար մարդու այսօր հանձնարարվել է տարհանվել ճապոնական Նեմուրո քաղաքի ափամերձ շրջաններից, որը գտնվում է Հոկայդո կղզու հյուսիս-արեւելքում: Ձյան սաստիկ տեղումների եւ փոթորկալի քամու պատճառով այնտեղ սպասվում է հատկապես բարձր մակընթացություն, որն, ըստ կանխատեսումների, կհեղեղի այդ շրջանի ընդարձակ տարածքներ: Հոկայդոյում ձնաբքերի պատճառով չեղյալ է հայտարարված 206 մարդատար գնացքների երթեւեկությունը: Անորոշ ժամանակով հետաձգվել է շուրջ 90 ավիաչվերթ:
Սպասվում է, որ Հոկայդոյում առաջիկա օրվա ընթացքում կտեղա 120 սանտիմետր ձյուն: Քամու պոռթկումների արագությունն այնտեղ գերազանցում է վայրկյանում 30 մետրը:
Հունվարի 19-ին ձյան առատ տեղումներ են եղել Ճապոնիայի հյուսիսարեւելյան, արեւելյան եւ կենտրոնական շրջաններում, ինչի հետեւանքով տուժել է ավելի քան 200 մարդ՝ հիմնականում Տոկիոյի եւ հարեւան Տիբայի ու Սայտամայի պրեֆեկտուրաների բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: