ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տարածաշրջանային տնօրեն Մարի Պիեր Պուարյեին: Տիկին Պուարյեն գտնվում է Հայաստանում՝ Երևանում կազմակերպված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու ԱՊՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համակարգողների տարեկան հավաքին մասնակցելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը' մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման գործում:
Արդյունավետ համարելով կառույցի գործունեությունը՝ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս շարունակել աջակցել հիմնադրամի յուրաքանչյուր նախաձեռնության: Հովիկ Աբրահամյանը կարևո րել է UNICEF-ի կողմից Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերը և հավաստիացրել, որ հետևողական է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում:
Մարի Պիեր Պուարյեն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումները երեխաների պաշտպանության ոլորտում և վերահաստատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՀՀ կառավարությանն այդ գործում օժանդակելու պատրաստակամությունը: Այս համատեքստում UNICEF-ի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի ներդրումը Հայաստանում, որի հաջողված փորձն ուսանելի օրինակ կարող է ծառայել նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:
Տիկին Պուարյեն շնորհակալություն է հայտնել UNICEF-ի տարեկան հավաքը Երևանում պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, որի շրջանակում քննարկվել է նաև Հայաստանի հետ առաջիկա հինգ տարվա համագործակցության ծրագիրը:
«Մեր գործընկերության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ ուշադրության կենտրոնում երեխան է՝ համակողմանի խնդիրներով, ոչ թե ոլորտային մոտեցումը», - նշել է UNICEF-ի տարածաշրջանային տնօրենը և գոհունակություն հայտնել պատկան նախարարությունների, առաջին հերթին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության ընթացքից:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստան-UNICEF համագործակցության նոր ծրագրի հիմքում պետք է լինի ՀՀ-ում երեխաների իրավիճակի հետ կապված մարտահրավերների հաղթահարումը՝ աջակցություն երեխաների առավել խոցելի խմբերին, մանկատների բեռնաթափում և այլն: