ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր տոնեց Հայաստանում իր գործունեության 20-ամյակը: Միջոցառումը նվիրված էր նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակին, որը մարդու իրավունքների պաշտպանության պատմության մեջ ամենաշատ վավերացումներ անցած համաձայնագիրն է:
 

«Արմենպրես»-ի հաղորդմամաբ' ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշեց, որ ՀՀ կառավարության հետ լուրջ բարեփոխումներ են իրականացվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: «Բարեփոխումները տարբեր ուղղություններով են կատարվել և բավական առաջընթաց է գրանցվել այդ ոլորտում:

 

Եթե խոսենք օրինակներով, ապա կարող ենք, մասնավորապես, նշել իմունացման ոլորտում արձանագրված էական առաջխաղացումը: Երկրում չեն գրանցվել կարմրուկի և պոլիոմելիտի դեպքեր: Բացի այդ, զգալի կրճատվել են մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահացության դեպքերը»,-ընդգծեց Հենրիետ Արենսը: Ըստ նրա՝ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում կրճատվել է մանկական հանցավորությունը:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ զգալի աշխատանք է կատարվել կրթության ոլորտում: Հենրիետ Արենսը նկատեց, որ այսօր ավելի շատ երեխաներ են գնում դպրոց, քան նախկինում, և նրանց թվում են հաշմանդամություն ունեցողները:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, երգչուհի Ալլա Լևոնյանը նշեց, որ հիմնադրամը տարբեր ուղղություններով աշխատանքներ է իրականացնում, ինքն էլ փորձում է հիմնադրամի և հասարակության միջև միջնորդ լինել: «Ինքս էլ լինելով 3 երեխայի մայր' ցանկանում եմ, որ բոլոր երեխաները առողջ լինեն, ապահովված լինեն ընտանիքում, ունենան ներդաշնակ ապահով կյանք, ընտանիքում էլ տեսնեն ժպտացող, այլ ոչ թե վիճող ծնողներ: Ես ուզում եմ, որ մենք բոլորս մեր հասարակության մեջ լավ լինենք, ժպտանք, սիրենք իրար ու երջանիկ ապրենք»,-եզրափակեց եր գչուհին:

 

Այսօր կայացած միջոցառման շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց նաև իր նոր՝ «#IMAGINE» (թարգմ. - պատկերացրու) նախաձեռնության հայաստանյան տարբերակը, որը նվիրված է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակին: Նախաձեռնության նպատակն է ստեղծել մարդկության կողմից ամենասիրված երգերից մեկի՝ Ջոն Լենոնի «Իմեջին» երգի՝ աշխարհում ամենաշատ մասնակից ունեցող երաժշտական ձայնագրությունը:

 

Երեկոյի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց «#IMAGINE»-ի հայկական տարբերակի տեսահոլովակը, որի ստեղծմանն աջակցել են պրոդյուսերներ Արմեն Մարտիրոսյանն ու Հրաչ Քեշիշյանը, իսկ դիջեյ Վակցինան պատրաստել է ռեմիքս տարբերակը:

 

Նախաձեռնությանը imagine.unicef.org կայքի միջոցով մինչ այժմ միացել են հազարավոր երեխաներ, ծնողեր, երգիչներ, մշակութային գործիչներ (Քեթի Փերին, Ուիլ-այ-էմը, Փրիանկա Չոպրան, Հյու Ջեքմենը, Նիկոլ Շերզինգերը, Քորտնի Կոքսը, Քրեյգ Դեյվիդը, Ադամ Լամբերտը և այլոք), ինչպես նաև լրագրողներ՝ աշխարհի տարբեր ծայրերից:

 

Բոլորի անհատական ձայնագրություններն այնուհետև կօգտագործվեն «Իմեջին» երգի բազմալեզու «համաշխարհային» տարբերակի համար, որը կստեղծի հայտնի դիջեյ Դավիդ Գետան, և այն կթողարկվի Նոր տարվա նախաշեմին։ Յուրաքանչյուր վերբեռնված ձայնագրություն նաև նպաստում է դրամական միջոցների հանգանակմանը, որի շնորհիվ 150 երկրներում կիրականացվեն երեխաների պաշտպանություն և օգնություն ապահովող ծրագրեր։

 

Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, լինելով 3 երեխայի հայր և պապիկ, ինչպես ցանկացած ծնող, մտահոգված է երեխաների ապագայի համար: «Նախագծի ընթացքում վերարտադրել, գործիքավորել և նոր ձևով ենք ներկայացրել աշխարհին լեգենդար Ջոն Լենոնի հայտնի «Իմեջին» երգը: Ես պատիվ ունեցա այդ երգին մի քիչ հայկական համ ու հոտ հաղորդել՝ չփոխելով իր սկզբնական փայլը: Կարծում եմ' դա ինձ հաջողվեց»,- հայտնեց Մարտիրոսյանը:

 

Նրա խոսքով' շատ արդյունավետ համագործակցություն է ստացվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ: Երգում ընդգրկված են Հայաստանում և արտերկրում բնակվող հայազգի երգիչները՝ Ալլա Լևոնյանը, Գոռ Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սերժ Թանկյանը, Իզաբել Բայրակդարյանը և այլք:

 

Միջոցառմանը ներկա էին ավելի քան 300 հյուրեր՝ քաղաքական, հասարակական գործիչներ, ինչպես նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: