Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ազատազրկման է դատապարտել 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում բողոքի ցույց անցկացրած 12 քաղաքացիներին, ընդ որում՝ նրանցից 10 դատապարտվել են 4-ից 7 տարվա ազատազրկման:

 

Առանց այդ էլ անհիմն ձգձգված նախնական կալանքի պայմաններում մոտ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած քաղաքացիներին նշանակվել են ազատազրկման այնպիսի ժամկետներ, որոնք վկայում են իշխող ռեժիմի ծայրահեղ քինախնդրության և տարրական բարոյական և իրավական նորմերը ոտնահարելու մասին: Պատահական չէ, որ ակնհայտ անարդար վճիռն իրականացվել է մարտիմեկյան իրադարձություններին առնչվող «7-ի գործի» տխրահռչակ դատավոր Մարտիրոսյանի ձեռքերով:

 

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահմանում» թիվ 1900 բանաձևի երրորդ կետը ձևակերպում է քաղաքական բանտարկյալ սահմանելու չափանիշները: Հայաստանի վերոհիշյալ 12 քաղաքացիների գործը լիովին համապատասխանում է բանաձևի այն չափանիշին, համաձայն որի ազատազրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ», եթե «քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ նրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ»:

 

Ելնելով վերոշարադրյալից, Հայ Ազգային Կոնգրեսը Շանթ Հարությունյանին, Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին, Սևակ Մնացականյանին, Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանին, ԱվետիսԱվետիսյանին, Հայկ Հարությունյանին, Ալեք Պողոսյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին այսուհետև ճանաչում է քաղաքական բանտարկյալ և հայտարարում, որ կօգտագործի իր բոլոր կարողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ միջագային ասպարեզում նրանց շուտափույթ ազատմանը հասնելու նպատակով: Դա նաև կլինի Հայաստանում սկսված իշխանափոխության գործընթացի առաջնահերթ խնդիրներից մեկը:

 

«Հայ Ազգային Կոնգրեսի» մամուլի ծառայություն