Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել մերձավորարեւելյան պետություններին՝ միավորվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

 

«Տարածաշրջանի երկրները պետք է ահաբեկչությանը դիմակայեն փոխհամաձայնեցված ու միավորված ջանքերով, որպեսզի արմատախիլ անեն այդ չարիքը»,- ասել է նախագահը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը:

 

Իրաքի կառավարության ղեկավարն Իրանում էր գտնվում մեկ օրով:

 

Ռոուհանին նշել է. «Մենք կասկած չունենք, որ Իրանի եւ Իրաքի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացումը կծառայի երկու երկրների շահերին եւ կհամապատասխանի տարածաշրջանային շահերին»: Նա ընդգծել է, որ Թեհրանը Բաղդադին աջակցել է «ամենաառաջին օրից եւ կշարունակի այդ ճանապարհով ընթանալ մինչեւ վերջ»: Ալ Աբադին իր կողմից ասել է, որ «ահաբեկչությունը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, եւ մենք վստահ ենք, որ Իրանը մեր կողմում կլինի»:

 

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ արաբական եւ աֆրիկյան երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը հայտարարել Է, որ Իրանը մտադիր չԷ մասնակցել Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ-ի կոալիցիային՝ այն համարելով «կասկածելի» եւ «ձախողման դատապարտված»:

 

Աբդոլահիյանը նաեւ նշել Է, թե իրանական կողմը «կասկածներ ունի ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի իսկական նպատակների կապակցությամբ»: Նրա խոսքով՝ դաշինքի կողմից ձեռնարկվող միջոցները «չեն փոխել ԻՊ-ի հետ կապված իրադրությունը եւ միայն խստացրել են ծայրահեղականությունը»: Դրա հետ մեկտեղ բարձրաստիճան դիվանագետն ընդգծել Է, որ Իրանի ղեկավարությունն աջակցում Է Իրաքին եւ Սիրիային ահաբեկչության դեմ մղվող նրանց պայքարում:

 

Թեհրանը քանիցս հայտարարել Է, որ չի պատրաստվում Իրաքի տարածքում անմիջականորեն մասնակցել ծայրահեղականների դեմ ռազմական գործողություններին: Դրա հետ մեկտեղ իրանական կողմը ակտիվորեն օգնում Է Իրաքին զենքով, ինչպես նաեւ իր օգնությունն Է տրամադրում զինվորականների պատրաստման գործում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: