Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 20,15 տոկոս ընտրական արձանագրությունների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, առաջին տեղում է «Ժողովրդական ճակատը»՝ ընտրողների 21,66 տոկոս ձայներով, նրան ընդամենը մեկ հարյուրերորդական է զիջում Պյոտր Պորոշենկոյի դաշինքը (21,65 տոկոս):
Հաջորդ տեղերում են Անդրեյ Սադովիի «Սամոպոմոշչ»-ը՝ 10,35 տոկոս, Ընդդիմադիր դաշինքը՝ 9,61 տոկոս, «Օլեգ Լյաշկոյի արմատական կուսակցությունը»՝ 7,71 տոկոս, եւ «Բատկիվշչինան»՝ 5,96 տոկոս:
Մնացած քաղաքական ուժերից անցումային արգելքին առավել մոտեցել է «Սվոբոդա»-ն, որը հավաքել է ձայների 4,54 տոկոսը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընտրությունների արդյունքները համարում է ընտրողների կողմից եվրաինտեգրացման քաղաքականության եւ հանրապետության արեւելքում իրադրության կարգավորման խաղաղ ծրագրի իրագործմանն աջակցության ցուցադրությունը: Այդ մասին ասված է պետության ղեկավարի ուղերձում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
«Սահմանադրական մեծամասնությունը՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ավելի քան երեք քառորդը, պաշտպանել են դեպի Եվրոպա Ուկրաինայի կուրսը»,- հայտարարել է Պորոշենկոն:
«Չի կարող չուրախացնել նաեւ այն փաստը, որ ընտրողների մեծամասնությունն արտահայտվել է քաղաքական այն ուժերի օգտին, որոնք պաշտպանում են նախագահի խաղաղ ծրագիրը, փնտրում են Դոնբասում իրադրության կարգավորման քաղաքական եղանակներ, ընդսմին պատշաճ ուշադրություն դարձնելով զինված ուժերի ամրապնդմանը»,- հավելել է նա:
Իշխանամետ կուսակցությունները, ինչպես նշել է Պորոշենկոն հավաքել են ձայների ավելի քան 50 տոկոսը: Ընդ որում, նրա կարծիքով, ընտրությունների արդյունքները վկայում են Ուկրաինայի կոմունիստական կուսակցության նկատմամբ կայացված «մահավճռի» մասին: «Ես ձեզ շնորհավորում եմ այդ կապակցությամբ: Ուկրաինացիները վճռորոշ հարված հասցրին հինգերորդ քաղաքական շարասյանը»,- ասել է նախագահը՝ վստահություն հայտնելով, որ արդարությունը հաղթանակել է նաեւ Ռեգիոնների կուսակցության նկատմամբ, որն ընդհանրապես չկարողացավ մասնակցել ընտրություններին:
Պորոշենկոն նաեւ խոստացել է առավելագույնս արագացնել նոր կառավարության ձեւավորման եւ բարեփոխումների իրականացման գործընթացը: Ընդսմին նա նշել է, որ կոալիցիոն համաձայնագրի նախագիծը գրեթե պատրաստ է:
Ելույթ ունենալով «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում, Պորոշենկոն նաեւ հայտնել է, որ Ռադայում նոր կոալիցիայի շուրջ կոնսուլտացիաները կսկսվեն արդեն հոկտեմբերի 27-ին: «Տասն օրն ավելի քան բավական է թե վարչապետի, թե խոսնակի, թե կաբինետի ձեւավորման շուրջ բոլոր բանակցություններն ավարտելու համար»,- ասել է նա:
Գերագույն ռադայի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին: Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 52 տոկոս: Էկզիտ-պոլերի տվյալների համաձայն՝ խորհրդարան են անցել Պորոշենկոյի դաշինքը (ձայների 23 տոկոս), «Ժողովրդական ճակատը» (21,3 տոկոս), Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովիի գլխավորած «Սամոպոմոշչը» (13,2 տոկոս), ինչպես նաեւ Ընդդիմադիր դաշինքը (7,6 տոկոս): 5-տոկոսանոց արգելքը հաղթահարում են նաեւ «Օլեգ Լյաշկոյի արմատական կուսակցությունը» (6,4 տոկոս), ազգայնական «Սվոբոդան» (6,3 տոկոս) եւ Բատկիվշչինան» (5,6 տոկոս):